«Նիկոլը լավ գիտի՝ երիտասարդությունն իրեն չի սիրում, ձև է մտածում  երիտասարդության «տամարը» մտնելու համար». Միքայել Նահապետյան

«Մենք այսօր գտնվում ենք շատ տարօրինակ վիճակում, երբ կա տոտալ կոնսենսուս, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն է այդ կոնսենսուսին կողմ։ ՀՀ սահմանների վրա իրավական շրջանակը և քաղաքական ինստիտուտները հնարավորություն չեն տալիս որոշումներ կայացնել մեր ապագայի վերաբերյալ»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մշտական դարձած հայտարարությունների մասին, երբ վերջինը մշտապես դիմում է ժողովրդին՝ ասելով՝ եթե իր քաղաքականության հետ համաձայն չեն, ապա կարող են հեղափոխություն անել։

Ըստ նրա, եթե գործադիր իշխանությունը որևէ բանի հետ կապված վեճ է ունենում, ասում է՝ «դուրներդ չի գալիս, կարող եք դատի տալ», բայց վստահ է՝ դատարանում այդ հարցը չի կարող լուծվել։

«Կամ՝ ասում է՝ անվստահություն հայտնեք, իմանալով, որ դա անհնար է, կամ՝ ընտրություններով եկեք փոխեք, լավ իմանալով, որ այդ ընտրություններին կարող է այնպես անել, որ մարդիկ զզվեն ու ընտրություններին չմասնակցեն, ինքն էլ վարչական ռեսուրս օգտագործելով՝ դառնա մեծամասնություն։

Դրա համար ինքը եկել է այն եզրահանգմանը, որ այս երկրում ինչ-որ բան փոխելու ճանապարհը հեղափոխությունն է, որի կոչն էլ հնչեցնում է։ Բայց լավ գիտի, որ հասարակություններն ամեն 5 տարին մեկ հեղափոխություն անելու սովորություն չունեն։ Իշխանափոխության համար մեզ պետք է ունենալ գործիքակազմեր՝ մեր կյանքի վերաբերյալ առանց հեղափոխությունների որոշումներ կայացնելու համար, սա է ամենակարևոր խնդիրներից մեկը»,- հավելեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ «Բոլորին դեմ եմ» շարժումը, որի անդամ է նաև ինքը, բարձրացնում է հենց այս խնդիրները։

Կարդացեք նաև

Միքայել Նահապետյանն ասաց, որ չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով ում հետ է խոսում՝ ի՞ր, թե՞ դրսի լսարանի համար, բայց մեկ բան հստակ է՝ նա տարբեր ուղղություններով է խոսում։

«Ինչ վերաբերում է իր համերգներին, ապա այդ ամենը միանշանակ նախընտրական արշավի մաս է կազմում։ Ինքը լավ գիտի, որ երիտասարդությունն իրեն չի սիրում, ձև է մտածում, ժողովրդի խոսքով ասած՝ երիտասարդության «տամարը» մտնելու համար։ Սակայն այդ անձի բնույթն ինքնին թույլ չի տալու նման բան անել, քանի որ այսօրվա սերունդը թունավոր ատելության մթնոլորտը չի սիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի համար դա կենսական էներգիայի աղբյուր է։

Այս ամենով ուզում է իջեցնել ընտրություններին մասնակցությունը, որպեսզի իր վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը մեծ տոկոս կազմի։ Եթե որևէ բան չփոխվի, ապա այս ամենը Նիկոլին կհաջողվի»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ «Բոլորին դեմ եմ» շարժումը հենց Նիկոլ Փաշինյանի «պրոյեկտներից» է, Միքայել Նահապետյանն արձագանքեց.

«Այդ մարդիկ կա՛մ հաշվել չգիտեն, կա՛մ քաղաքական շահեր ունեն և ելնում են այդ հաշվարկներից, քանի որ մեր շարժումը բարձրացնելու է ընտրություններին մասնակցությունը։ Կոչ է անելու ընտրություններին չմասնակցողներին՝ մասնակցել, կոնսոլիդացնելու է այն ընտրողներին, որոնք մինչև այժմ փոքր ուժերի էին քվեարկում։ Նիկոլ Փաշինյանից վերցնելու է այն ձայները, որոնք ստանում է «չարյաց փոքրագույն» պիտակի ներքո։ Հիմա այդ երեքն էլ վնաս է Նիկոլ Փաշինյանին»։ 

Տեսանյութեր

Լրահոս