Տղա՛, լսի՛ր, քեզ ասո՞ւմ են՝ ինչո՞ւ նախարար ազատեցիր, ինչո՞ւ նշանակեցիր, Վեհափառն է որոշում՝ ում կարգալույծ անել, որտեղ անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը. Հուսիկ Արան՝ Փաշինյանին

Օրերս հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

«Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- հայտնել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

Նա նաև ասել էր, որ նման նախադեպեր եղել են՝ ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և՝ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

Հակաեկեղեցական և հակակաթողիկոսական արշավ սկսած իշխանությունները հիմա էլ այս թեման են քննարկում՝ կրկին թիրախավորելով Վեհափառ հայրապետին՝ ասելով, որ «օտարերկրյա գործակալը Եպիսկոպոսաց ժողովն անում է Հայաստանի սահմաններից դուրս»։

Կարդացեք նաև

Բանաստեղծ Հուսիկ Արան իշխանությունների բարձրացրած վայնասունը չի հասկանում, քանի որ Առաքելական եկեղեցում պատմության մեջ միշտ էլ եղել են դեպքեր, երբ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունեցել ոչ Հայաստանում։

«Այսինքն՝ ըստ իշխանությունների՝ Վազգեն Առաջի՞նն էլ էր գործակալ։ Եթե չգիտեն, ես կհիշեցնեմ՝ քանի որ Ստալինը նոր էր սատկել, Վազգեն Առաջինը, զգուշանալով սովետական ԿԳԲ-ի բռնաճնշումներից, որոնք այն ժամանակ կային, ստիպված էր դրսում անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը՝ այդ բռնաճնշումներից խուսափելու համար։

Նույնն այսօր է՝ Վեհափառ հայրապետը ՔՊ-ի բռնաճնշումներից խուսափելու համար Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանում չի անցկացնում։ Այն ժամանակ՝ 1956 թվականին, Սովետի պատճառով Վազգեն Առաջինը նման որոշում կայացրեց, հիմա արդեն այստեղի՝ ներսի բռնակալների պատճառով է Վեհափառը նման որոշում կայացրել»,- 168.am հետ զրույցում ասաց Հուսիկ Արան։

Բանաստեղծի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային ցանց է, ամեն տեղ համայնք ունի և որտեղ ցանկանա, այնտեղ էլ կարող է անել Եպիսկոպոսաց ժողովը։ Ավելին՝ Առաքելական եկեղեցու որոշելիք հարցերն ու ներքին խնդիրն է այս ամենը, այլ ոչ թե ՀՀ իշխանության։

«Տղա՛, լսի՛ր, քեզ ասո՞ւմ են՝ ինչո՞ւ նախարար ազատեցիր կամ ինչո՞ւ նշանակեցիր, Վեհափառն է որոշում՝ ում կարգալույծ անել, որտեղ անցկացնել Եպիոկոպոսաց ժողովը։ Այդ նախարարին, որին դու ազատում ես, հաջորդ օրը գալիս, նստում է  նախարարի աթոռի՞ն, ասում է՝ ես նախարա՞ր եմ։ Դու ո՞վ ես, որ կաթողիկոսի որոշումը դատարանում բողոքարկես կամ չեղարկես։ Հետաքրքիր է, վաղն այդ դատավորներն ի՞նչ պատասխան են տալու։ Ու եթե սրանք մնան ու այսպես շարունակեն, ապա մտքներով անցնող ամենավատն են անելու, այնպիսի բաներ են անում, որ մարդիկ տեսնելով էլ չեն հավատում։ Չեն հավատում, որովհետև սեփական երկրի իշխանությունն է անում, թշնամին այսպես չի վարվել մեզ հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հուսիկ Արայի բնորոշմամբ՝ հանրության գերակշիռ մասն ուղղակի զզվում է այս իշխանություններից, ուստի իշխանությունն ինչ ասում է, հանրության մեջ ստանում է  հակառակ արձագանքը։ Երբ իշխանությունն ասում է, թե Վեհափառը «գործակալ» է, ավելի լավ է իր գործակալներից խոսի։

«Օրը հազար անգամ չոքում եք Ալիևի դեմը, երկրի նախագահը չոքում, Ալիևին շնորհակալություն է հայտնում, այսքանից հետո ժողովուրդը սրանց պիտի հավատա ու վստահի՞։ Ինչի՞ համար էր շնորհակալություն հայտնում, որ Արցախում ցեղասպանություն է արել, որ մեր զինվորին է սպանել, գոնե այս տղաների ծնողներից ամաչեք, գոնե Աստծուց մի քիչ վախեցեք։ Չնայած, սրանք Աստծուց չեն վախենում, որովհետև նեռի ծնունդ են։

Ժողովուրդը սթափ է, տեսնում է, թե ինչ է կատարվում, դրա համար այս իշխանությանը որևէ բան չի հաջողվելու, սրանք փոխվելու են, բայց ցավոք, հայը միայն կորցնելուց հետո է հասկանում, որ չպետք է աներ։ 2021 թվականին որ Նիկոլ չընտրեին, այս օրը չէինք ընկնի։ Հայաստանը հիմա գտնվում է կոմայի մեջ՝ միացված է շնչառական ապարատը, ուղղակի այնպես պետք է անենք, որ այլևս չկորցնենք, գոնե եղածը պահենք, մեր իշխանությունների կողմից պաշտոնապես չճանաչվենք «Արևմտյան Ադրբեջան»»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների եպիսկոպոսաց դասի համախմբումն է:

Եպիսկոպոսաց ժողովը կազմավորվում է Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներից. նախագահն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եպիսկոպոսաց ժողովի իրավասության սահմանները ներառում են հետևյալ ուղղությունները.

Դավանաբանական հարցերի սահմանում,

Ծիսական բարեփոխությունների և նոր ծեսերի հաստատում,

Եկեղեցական-կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխությունների և նոր օրենքների հաստատում,

Միջեկեղեցական երկխոսությունների արդյունքների հաստատում,

Միջեկեղեցական և միջկրոնական հարցերի քննարկում,

Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից հանձնարարված և լիազորված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս