Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ներկայում ապահովված է անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջվող ծավալի միայն կեսը։
Այս մասին Reuters-ին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ քաղաքը բախվել է պատերազմական ժամանակաշրջանի ամենախորը էներգետիկ ճգնաժամին։
Քաղաքապետի խոսքով՝ ռուսական ուժերի կողմից իրականացված զանգվածային հարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել էներգետիկ ենթակառուցվածքները։ Արևելյան Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Կիևի համար անհրաժեշտ է մոտ 1700 մեգավատ էլեկտրաէներգիա՝ շուրջ 3,6 միլիոն բնակչի սպասարկումն ապահովելու նպատակով։
Կլիչկոն ընդգծել է, որ ստեղծված էներգետիկ իրավիճակը ամենածանր փորձությունն է, որի առաջ կանգնել է մայրաքաղաքը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո անցած գրեթե չորս տարիների ընթացքում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի միջազգային գործընկերները շտապ կերպով Կիև են առաքել լրացուցիչ գեներատորներ, իսկ վերանորոգման բրիգադները շուրջօրյա աշխատում են ջերմամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Վերջին հարվածներից հետո էլեկտրամատակարարումից անջատվել էր շուրջ 6000 բազմաբնակարան շենք, որոնցից մոտ 100-ը դեռևս ջեռուցում չունեն։
«Մենք աշխատում ենք ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Մեզ համար գոյություն չունի աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ»,- ասել է քաղաքապետը։
Բացի վերանորոգման աշխատանքներից և գեներատորների տեղադրումից, Կիևում բացվել է շուրջ 1300 տաքացման կետ, իսկ որոշ տարածքներում աշխատանքներ են տարվում ջերմային փոքր էլեկտրակայանների տեղադրման ուղղությամբ՝ էլեկտրամատակարարումն ու ջեռուցումն ապակենտրոնացնելու նպատակով։
Կլիչկոյի խոսքով՝ գեներատորների կիրառման ժամանակ առաջնահերթ ապահովվում են հիվանդանոցների, մանկապարտեզների, առանցքային ենթակառուցվածքների և ջրամատակարարման համակարգերի աշխատանքը, ինչի համար օրական անհրաժեշտ է մոտ 300 տոննա վառելիք։
Քաղաքապետը կրկնել է իր կոչը կիևցիներին՝ եթե ունեն նման հնարավորություն, ժամանակավորապես լքել քաղաքը, որպեսզի նվազեցնեն ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը։ Այդ ֆոնին Կիևի դպրոցներում երկարացվել են ձմեռային արձակուրդները, իսկ բազմաթիվ առևտրային կազմակերպություններ անցել են հեռավար աշխատանքի։
Չնայած առկա դժվարություններին՝ Կլիչկոն վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ամբողջությամբ վերականգնել ջերմամատակարարումը և մշակում են լրացուցիչ սցենարներ՝ հնարավոր նոր հարվածների դեպքում։
«Այս ձմեռը դժվար է լինելու, բայց մենք անում ենք հնարավորն ու անհնարինը»,- ասել է նա։



