2026թ. նույնքան արյունալի է լինելու, որքան 2025-ը․ Թրամփի գործարքները որոշ մարտադաշտերում հանգստություն են բերել, բայց՝ ոչ երկարատև խաղաղություն․ ICG
«Աշխարհը վտանգավոր նոր դարաշրջան էր մտնում Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց շատ առաջ։ Սակայն նրա երկրորդ ժամկետում ռիսկերը գնալով ավելի են շատանում, քան նվազում»,- այս մասին տարեսկզբի՝ «Տասը հակամարտություններ, որոնք պետք է դիտարկել 2026 թվականին» վերտառությամբ հաշվետվությունում արձանագրում է Միջազգային ճգնաժամային խումբը։
Ըստ վերլուծաբանների, տարին աղմկոտ սկիզբ ունեցավ՝ ճգնաժամ Վենեսուելայում, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի աչքադրում, բողոքի ցույցեր Իրանում և համաշխարհային նորմերի քայքայում։
«Ուկրաինայից և Գազայից մինչև Հայիթի, Սուդան և Սեյշել՝ հակամարտությունը սրվում է։ 2025 թվականն արյունալի տարի էր։ 2026 թվականը խոստումնալից չէ։ Ո՞ր հակամարտություններն են ձևավորելու հետագա իրադարձությունները»,- նման հարցադրում է անում ICG-ն՝ կանխատեսելով, որ տարին, կարծես, նույնքան արյունալի է լինելու, որքան 2025-ը։
ՄՃԽ-ի վերլուծության համաձայն, աշխարհում հակամարտություններն ու ճգնաժամերը մեղմացման նշաններ ցույց չեն տալիս, և Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ձևավորմանը զուգընթաց՝ ռիսկերը գնալով ավելի են մեծանում, քան թե նվազում։ «Թրամփի գործարքները որոշ մարտադաշտերում հանգստություն են բերել, բայց ոչ երկարատև խաղաղություն, և նրա անօրինականությունը սպառնում է այլ պետություններին և համաշխարհային առաջնորդներին գայթակղվել արկածախնդրությամբ։ Վենեսուելայից մինչև Ուկրաինա, կամ Սուդանից մինչև Գազա և դրանից այն կողմ, կտրուկ փոփոխությունների բացակայության դեպքում իրավիճակը մռայլ է թվում»,-գրում են խմբի փորձագետները։
Միջազգային ճգնաժամային խումբն արձանագրում է, որ այս տարի պետք է դիտարկել հետևյալ 10 հակամարտությունները՝ Վենեսուելա, Սուդան, Եթովպիա-Էրիթրեա, Մալի և Բուրկինա Ֆասո, Ուկրաինա, Սիրիա, Իսրայել-Պաղեստին, Իսրայելը և Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի և հուսիթների, Մյանմա, Աֆղանստան-Պակիստան
ICG-ն գրում է, որ Թրամփի վարչակազմը գլխատել է Վենեսուելայի կառավարությունը՝ մայրաքաղաքի վրա դրամատիկ ռազմական հարձակում կազմակերպելով և նախագահ Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ բանտ տեղափոխելով։
«Նրա հայտարարած ծրագիրը՝ երկիրը հեռակա կարգով «կառավարելու» և ընդդիմությանը մի կողմ դնելու հետ մեկտեղ, սպառնում է վենեսուելացիներին ավելի վատ վիճակում թողնել, քան նախկինում էր։
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնագրավելու գործողությունը անհանգստություն առաջացրեց աշխարհի շատ մայրաքաղաքներում, այդ թվում՝ Գրենլանդիայի բռնագրավման մասին հետագա խոսակցությունների պատճառով։ Սակայն մի քանի կառավարություններ մեղմացրել են իրենց արձագանքները»,- նշում են փորձագետները։
ICG-ն ուշադրության կենտրոնում է պահելու իրավիճակն Իրանի, Լիբանանի, Կենտրոնական Աֆրիկայի շուրջ։ Իրանում ստեղծված իրավիճակը ներկայացնելիս ICG-ն նշում է, որ Իրանի ազգային արժույթի անկումը հանգեցրեց ցույցերի, որոնք դեկտեմբերի վերջից ի վեր վերաճել են համազգային անկարգությունների ռեժիմի դեմ։ «Կառավարությունը փոխել է իր սուբսիդիաների քաղաքականությունը, բայց քիչ բան է արել ավելի լայն դժգոհությունները մեղմելու համար: Առնվազն երեք տասնյակ մարդ է զոհվել, երբ պետական ուժերը ճնշել են բողոքի ցույցերը, որոնք դանդաղելու քիչ նշաններ են ցույց տալիս:
«Ճգնաժամային խմբի» փորձագետ Ալի Վաեզը նշում է, որ Իսլամական Հանրապետությունը կանգնած է լուրջ դիլեմայի առաջ. այն ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ կարողանում է հաստատել բարեփոխումներ, որոնք կարող են բավարարել քաղաքական, սոցիալական և տնտեսական փոփոխությունների սպասումները, հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը, որ արտաքին միջամտությունը հնարավոր է, եթե ճնշումներն ուժեղանան»,- նշում են Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները:
Վերլուծաբանները նշել են նաև Լիբանանի մասին․ Լիբանանը հայտարարեց, որ «Հեզբոլլահ»-ի զինաթափման գործում կարևորագույն փուլ է անցել, սակայն երկրի և Իսրայելի միջև կնքված փխրուն հրադադարի համաձայնագիրը դեռևս վտանգված է։ «Լիբանանյան բանակը հայտարարեց, որ Լիթանի գետի և Իսրայելի սահմանի միջև գտնվող հարավային տարածքում գտնվող բոլոր զենքերը պետական վերահսկողության տակ են վերցրել։ Իսրայելը անմիջապես վիճարկեց բանակի պնդումը՝ ասելով, որ «Հեզբոլլահ»-ն այդ տարածաշրջանում պահպանում է ռազմական ենթակառուցվածքներ։
«Ճգնաժամային խմբի» փորձագետ Դեյվիդ Վուդն ասում է, որ Բեյրութը ցանկացած դեպքում վտանգների առջև է կանգնած։ Բանակը շուտով պետք է շարժվի Լիթանիից հյուսիս գտնվող «Հեզբոլլահ»-ի զինաթափման ուղղությամբ, որտեղ խմբավորումը հրաժարվում է կատարել համաձայնությունը՝ մեծացնելով ներքին անհամաձայնությունների ռիսկը։ Այնուամենայնիվ, Լիբանանի առաջնորդները նաև գիտեն, որ Իսրայելը գրեթե անկասկած կպատասխանի «Հեզբոլլահ»-ի զինաթափման ցանկացած խոչընդոտի լուրջ ռազմական սրացումներով՝ ավելի մեծ ցավ պատճառելով իրենց մարտնչող երկրին»,- նշում է ICG-ն։
Ուշագրավ է, որ 2026-ին դիտարկվելիք հակամարտությունների ցանկում չկա իրավիճակը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Չնայած հանգամանքին, որ ICG փորձագետներն ըստ էության ընդունում են, որ Թրամփի խաղաղարար ջանքերը որոշ ռեգիոններում որոշակի հանգստություն են բերել, սակայն ոչ կայուն ու երկարատև խաղաղություն, ինչպես նաև բերել են արկածախնդրության ռիսկեր։
Չնայած իրենք՝ ՀՀ իշխանությունները, երբեմն էլ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում են, թե Հարավային Կովկասում խաղաղություն է, սակայն Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, իսկ Ադրբեջանն անընդհատ նորանոր պահանջներ է դնում Հայաստանի առջև, որոնցից վերջինը հայտարարվեց տարեվերջին, թե համաձայնագիրը կստորագրվի, երբ Հայաստանն իրականացնի «Թրամփի ուղու» հետ կապված բոլոր պարտավորությունները։
