2026թ. Արևմուտքը ցանկանալու է է՛լ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում, մասնակցել տրանսպորտային բոլոր նախագծերին, ՌԴ-ն ու Իրանը փորձելու են հավասարակշռել իրավիճակը․ Եվսեև
«Նախորդ տարիների համեմատ՝ հայ-ռուսական հարաբերությունները 2025 թվականին կարելի է որակել հարաբերական կայուն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ գնահատելով անցնող տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։
Նա գտնում է, որ որքան էլ տարօրինակ է՝ այդ հարաբերությունների վրա մեծ ազդեցություն ունեցավ ԵՄ-ի քաղաքականությունը։ Այդ ֆոնին, նրա որակմամբ, հայ-ռուսական հարաբերությունները որոշակիորեն կայունացան, իսկ ՀՀ իշխանությունները հայտարարեցին բալանսավորված արտաքին քաղաքականության մասին։
«Չնայած դրան, պահպանվեց ՀՀ իշխանությունների ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն, ինչը համատեղելի չէ ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների հետ։ Սակայն ԵՄ անդամակցության հնարավորությունները չափազանց քիչ են, ուստի ՀՀ-ն չունի շատ հնարավորություն խզել Ռուսաստանի հետ կապերը։ Եվ ըստ էության, ԵՄ-ի հետ ՀՀ լուրջ հեռանկարների բացակայության իրավիճակում կայունություն նկատվեց հայ-ռուսական հարաբերություններում, այսինքն՝ եղան շփումներ, փոխադարձ այցեր՝ երկկողմ, բազմակողմ։ Ասել, որ այդ հարաբերություններում նկատելի է եղել վստահության բարձր ցուցանիշ, սխալ կլինի, քանի որ երբեմն եղել են նաև կոշտ հայտարարություններ, ինչն այդ վստահության պակասի ցուցիչն է»,- ասաց Եվսեևը։
Նա գտնում է, որ ՀՀ արտաքին քաղաքական ԵՄ ինտեգրացիոն օրակարգը չի կարող չանդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև՝ ՀՀ-ԵԱՏՄ շարժերի վրա։
«Իսկ պատճառը շատ պարզ է՝ ԵՄ-ի նպատակը ոչ թե ՀՀ-ին ինտեգրելն է, այլ Ռուսաստանին թուլացնելը, ազդեցությունը նվազեցնելը, ուստի տարեվերջին արձանագրվեց առևտրաշրջանառության էական նվազում ՀՀ-ՌԴ հարաբերություններում։
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին տեսնում ենք հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություն՝ քաղաքական բաղադրիչը պակասել է, իսկ տնտեսական համագործակցությունը՝ առաջին պլանում հայտնվել, ուստի հարաբերությունների բոլոր տեղաշարժերը տնտեսական ցուցանիշներից են երևում։ Այդ ցուցանիշները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ում ՀՀ-ն խնդիրներ ունի կամ չունի այն օգուտները, ինչ նախկինում»,- նշեց վերլուծաբանը։
Ըստ Եվսեևի, Ռուսաստանն ու Իրանը մի քանի դրվագով ակտիվ բանակցեցին ու ցանկացան առաջ մղել «3+3» ձևաչափը 2025-ի ընթացքում։
«Տեսանք, որ այդ ջանքերն արդյունք չտվեցին, փոխարենը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը սկսեցին էլ ավելի ակտիվ աշխատել Հարավային Կովկասում, ձևավորելով համագործակցության բազմակողմ հարթակներ ապաշրջափակման պրոյեկտներն առաջ մղելու համար։ ԵՄ-ն ՀՀ-ին անդամակցության հույսեր չի ներշնչում, սակայն աջակցության ծրագրերի միջոցով համագործակցությունը խորացնում է, ինչպես նաև պայքարում ռուսական ազդեցության դեմ։ Հայտարարություններից պարզ է դառնում, որ 2026-ին ԵՄ-ի օրակարգում այս հարցը հստակ լինելու է։ Ուստի, ընդհանուր առմամբ, 2026 թվականին ևս տեսնելու ենք նույնանման զարգացումներ Հարավային Կովկասում ՝ Արևմուտքը ցանկանալու է էլ ավելի ամրապնդվել, մասնակցել տրանսպորտային բոլոր նախագծերին, Ռուսաստանն ու Իրանը փորձելու են իրենց քայլերով հավասարակշռել իրավիճակը»,- նկատեց Եվսեևը։
