Էրդողանը ուղերձ է հղել ԱՄՆ-ում անցկացվող մուսուլման ամերիկացիների միության համագումարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրավոր ուղերձ է հղել ԱՄՆ-ում անցկացվող «Մուսուլման ամերիկացիների միության» (Muslim American Society) տարեկան համագումարին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համագումարը այս տարի անցկացվել է «Կրակի տակ հավատքը․ ուժեղ մնալ քաոսային ժամանակներում» խորագրով։ Իր ուղերձում Էրդողանն անդրադարձել է աշխարհում շարունակվող պատերազմներին, ճգնաժամերին ու անկայունությանը՝ ընդգծելով, որ նման պայմաններում դժվարությունները հնարավոր է հաղթահարել փոխադարձ հավատով և ամուր դիրքորոշմամբ։
Նրա խոսքով՝ ամերիկա-մուսուլմանական համայնքի ձեռնարկած քայլերն ու ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը արժանի են բարձր գնահատանքի։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ այդ «արժեքային կեցվածքը» կարող է օրինակ ծառայել այլ հասարակությունների համար և նպաստել գլոբալ գիտակցման ձևավորմանը։
Նշվում է, որ համագումարին որպես գլխավոր բանախոս մասնակցել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կանանց թևի նախագահ Թուղբա Ըշըք Էրջանը, ով նաև ընթերցել է Էրդողանի ուղերձը։
