«Տպավորություն է՝ բոլորը որոշել են, որ այս պատերազմը չի կանգնելու. իմիտացիա է արվում, իբր բանակցային գործընթաց է տեղի ունենում». Գրիգոր Բալասանյան
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օրերս տեղի է ունեցել ԱՄՆ-ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները Ֆլորիդայում «կառուցողական» են եղել։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցությունները նույնպես անվանել է կառուցողական և արդյունավետ։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի բնորոշմամբ՝ կողմերի հայտարարություններն ընդհանուր բնույթի են, սակայն որևէ կոնկրետություն չկա։
«Երեկ հրապարակվեց Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համատեղ պլանը՝ 20 կետից բաղկացած, որտեղ Ռուսաստանի հետ կապված ոչինչ չկար։ Այսինքն՝ այդ պլանով Ռուսաստանը ոչինչ չէր ստանալու, փոխարենը՝ ունենալու էր միայն պարտավորություններ՝ այս օրենքն ընդունել, չհարձակվել, Ուկրաինան պետք է ունենա 800 հազարանոց բանակ և այլն։ Այսինքն՝ ինձ մոտ տպավորություն է, որ բոլորը որոշել են, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի կանգնելու, իմիտացիա է արվում՝ ցույց տալու, թե իբր բանակցային գործընթաց է տեղի ունենում։
Ցավոք, կողմերը մոտեցել են մի եզրագծի, որտեղ հաթողը պետք է ստանա ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ։ Հիմա Ուկրաինան անցել է այդ «ռուբիկոնը»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով, այն բոլոր զիջումները, որոնք պետք է արվեն ուկրաինական կողմից, շատ ավելի ցավոտ են լինելու այդ երկրի համար, քան բանակցությունների օրակարգում դրված այն հարցերը, որոնք պարբերաբար քննարկվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։
«Ինքս սա լուրջ չեմ համարում, պատերազմը չի կանգնելու, առնվազն մինչև արևելյան և հարավ-արևելյան Ուկրաինայի հարցը չլուծվի և այդ տարածքները չանցնեն ռուսական հսկողության տակ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ այս պահին ԵՄ-ն ամբողջովին «լվացե՞լ է ձեռքերն» Ուկրաինայից, որևէ աջակցություն ցուցաբերո՞ւմ է Զելենսկուն, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց՝ այդ կարծիքին չէ, հակառակը՝ ԵՄ-ն իր հնարավորությունների չափով փորձում է օգնել Զելենսկուն, ինչն, իհարկե, անշահախնդիր չէ։
«ԵՄ-ն Զելենսկու օգնությամբ փորձում է յուրացնել շուրջ 300 մլրդ դոլար ռուսական ակտիվները, որոնք պահվում են եվրոպական բանկերում։ ԵՄ վերջին գագաթնաժողովին նրանց հաջողվեց ընդամենը համաձայնեցնել 90 մլրդ եվրո, այն էլ պարտքի տեսքով։ Իհարկե, հիմա ասում են՝ դա առանց տոկոսի պարտք է, հետո կվճարվի ռուսական ակտիվներով և այլն, բայց դա պարտք է, և բոլորն էլ գիտեն, որ Ուկրաինան այս 90 մլրդ եվրոն չի կարողանալու տալ։ Իսկ ԵՄ-ն լուրջ շահագրգռվածություն ունի շարունակել պատերազմը մեկ պարզ պատճառով՝ ԵՄ երկրներում այսօր միակ շարժիչ ուժը, որ կարողանում է դեռևս առաջ տանել տնտեսությունը, դա ռազմական գործարաններն են։ Այն պահին, երբ այդ գործարանները դադարեցրեցին իրենց աշխատանքը, ԵՄ ՀՆԱ-ն շատ արագ ցույց է տալու բացասական ցուցանիշ։ Այսօր արդեն եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, բավականին լուրջ տնտեսական ռեցեսիայի հետ մենք գործ ունենք, որը գնալով խորանալու է։ Առաջին հերթին ԵՄ ղեկավարներն են շահագրգիռ շարունակելու պատերազմը, հակառակ պարագայում իրենք իրենց պաշտոններն ուղղակի կկորցնեն։
Շահագրգիռ են նաև շարունակելու պատերազմը, որպեսզի զենք արտադրողները վաճառեն զենքը և դրանով պահեն տնտեսությունը։ Կարծում եմ նաև, որ սա ներքաղաքական պատճառ էլ ունի, քանի որ, եթե պատերազմը կանգնեցնեն, ապա եվրոպական երկրներում սկսվելու են պրոցեսներ տեղի իշխանությունների դեմ և բարձրացնելու են շատ լուրջ սոցիալական խնդիրներ, ինչն իրենց պետք չէ»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։
