Բաժիններ՝

Հոնդուրասի նախագահական ընտրություններում հաղթել է Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուն

Հոնդուրասի Ազգային ընտրական խորհուրդը (ԱԸԽ) նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարել Ազգային կուսակցության ներկայացուցիչ Նասրի Ասֆուրային, որին աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ասֆուրան ստացել է ձայների 40,3%-ը՝ չնչին տարբերությամբ առաջ անցնելով աջ կենտրոնամետ Լիբերալ կուսակցությունից իր մրցակից Սալվադոր Նասրալլայից, որը ստացել է ձայների 39,5%-ը։

«Հոնդուրաս, ես պատրաստ եմ կառավարելու։ Ես ձեզ չեմ հիասթափեցնի», – X-ում գրել է Ասֆուրան։

Նասրալլան իր հերթին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն միևնույն ժամանակ իր աջակիցներին կոչ է արել հանդարտություն պահպանել։

Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն քվեաթերթիկների հաշվարկը երկու անգամ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով։

Հոնդուրասի Կոնգրեսի նախագահ Լուիս Ռեդոնդոն նույնպես ընտրությունների արդյունքները «լիովին անօրինական» է անվանել։

Հեռացող նախագահ Սիոմարա Կաստրոն դեկտեմբերին ավելի վաղ նշել էր, որ ընտրությունները խաթարվում են Թրամփի «միջամտության» պատճառով։

Ավելի վաղ Թրամփը Հոնդուրասի բնակիչներին կոչ էր արել քվեարկել Ասֆուրայի օգտին՝ նշելով, որ նա «ազատության բարեկամն» է: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել էր դադարեցնել ֆինանսական աջակցությունը Հոնդուրասին, եթե Ասֆուրան չհաղթի։ Բացի այդ, անակնկալ քայլով Թրամփը ներում է շնորհել Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին, որը Միացյալ Նահանգներում 45 տարվա ազատազրկման պատիժ է կրում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս