Բաժիններ՝

Հակաթուրքական շահերի ակումբ. Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդները համաձայնել են դաշինք կնքել Անկարայի դեմ

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի 10-րդ եռակողմ գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։ Հանդիպման նախաշեմին գլխավոր ինտրիգը դարձել է այն, թե արդյոք Միջերկրական ծովի հարևանները կստեղծեն սեփական արագ արձագանքման ուժեր, որոնք պետք է գործեն ճգնաժամային իրավիճակներում՝ ծովում, օդում և ցամաքում։ Ինչպես նշում են պաշտոնյաները, նման գաղափարը քննարկվում է Թուրքիայի դիրքերի ուժեղացման պատճառով, որին բոլոր երեք երկրներն էլ դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։

Երուսաղեմում կայացած բանակցությունները, որոնց դեկտեմբերի 22-ին մասնակցել են Բենիամին Նեթանյահուն, նրա հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը, ի ցույց են դրել երեք երկրների դաշինքի ռազմավարական բնույթը: «Մենք պայմանավորվել ենք ամրապնդել մեր ընթացիկ եռակողմ համագործակցությունը անվտանգության, պաշտպանության և ռազմական ոլորտի հարցերում,— ասված է հանդիպման արդյունքներով երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։— Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարին, ներառյալ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման արմատախիլ անելու ջանքերը»։

Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են տարածաշրջանում ծովային անվտանգության, ինչպես նաև ծովային ուղիների և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը:

Առանձին կերպով Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդները վերահաստատել են իրենց կուրսը՝ ուղղված «համատեղ էներգետիկ նախագծերի առաջմղմանը, ներառյալ բնական գազի հանքավայրերի մշակումը, միջտարածաշրջանային էլեկտրահաղորդման գծերի ստեղծումը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունները»:

«Մեր տարածաշրջանը գտնվում է պատմական մի փուլում, որը հնարավորություն է տալիս թևակոխել կայունության, բարգավաճման և համագործակցության դարաշրջան»,- ասված է գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել են Ynet-ի աղբյուրները, հանդիպման հիմնական թեման Միջերկրական ծովում «ռազմավարական պատի» ձևավորումն է եղել, որը թույլ կտա զսպել Թուրքիային:

Նրա քաղաքականությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է անհանգստացնում միջերկրծովյան խաղացողներին: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ դեկտեմբերի 15-ին Իսրայել կատարած այցի ժամանակ, իսրայելցի պաշտոնյաները Վաշինգտոնին են փոխանցել իրենց մտահոգությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրեական պետության հասցեին հնչեցրած ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ, որը զգալիորեն սրվել է Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր: Իսրայելի իշխանությունները զգուշացրել են իրենց դաշնակցին, որ «առաջին գործողության» բանավոր ագրեսիան կարող է կրակոցների հանգեցնել երկրորդ գործողության ժամանակ։

Երուսաղեմում կայացած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Բենիամին Նեթանյահուն հեռակա կարգով դիմել է Թուրքիայի ղեկավարությանը՝ չնշելով իր ուղերձի հասցեատիրոջ անունը։ «Նրանց, ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման և մեր հողերի վրա գերիշխանության մասին, ես ասում եմ՝ մոռացե՛ք այդ մասին, դա չի լինելու,— ասել է Իսրայելի վարչապետը,— Իրոք, անցյալում մեր բոլոր երկրները նվաճվել են միմյանց հաջորդող կայսրությունների կողմից։ Սակայն, արիության և անձնազոհության շնորհիվ, մենք այս դարաշրջանում հասել ենք անկախության»։ Պարոն Նեթանյահուն ընդգծել է, որ պաշտպանական առումով Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը լի են վճռականությամբ և նրանց համագործակցությունը «էլ ավելի է ամրապնդում այդ հնարավորությունները»։

Երեք երկրների շարժը դեպի ռազմական համագործակցության ամրապնդում, ըստ i24 հեռուստաալիքի աղբյուրների, վերածվել է համատեղ արագ արձագանքման ուժերի ստեղծման նախագծի:

Խոսքը մինչև 2,5 հազար մարդուց բաղկացած զորակազմի մասին է, որը նախատեսված կլինի ճգնաժամային իրավիճակներում տարածաշրջանում արագ տեղակայման համար: i24-ի զրուցակիցները հստակեցնում են, որ դրանք «ճկուն ուժեր են, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են արագ ակտիվացվել», այլ ոչ թե մշտական բազմազգ ստորաբաժանում: Այս հարցի շուրջ քննարկումները դեռևս նախնական բնույթ են կրում, սակայն նման քննարկման փաստն արդեն իսկ վկայում է Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ընդհանուր մտահոգությունների մասին:

Ynet-ի կողմից հարցված իսրայելցի պաշտոնյաները կասկածում են, որ «եռյակը» կկարողանա ձևավորել ընդհանուր ուժեր: «Մենք արդեն իսկ ունենք հաստատված համագործակցություն, որը յուրաքանչյուր կողմին տալիս է իր առավելությունները»,- նշում են պաշտոնյաները:

Այս կապերն առայժմ արտահայտվում են համատեղ զորավարժությունների և զենքի մատակարարումների տեսքով։ Նոյեմբերի 5-ին Իսրայելն ու Հունաստանը անցկացրել են համատեղ օդային վարժանքներ, իսկ նոյեմբերի 13-ին դրանք կազմակերպել են ծովում։ Իսկ հունական զորքերի «ամենախոշոր» արդիականացման ծրագրի շրջանակներում, որը պարոն Միցոտակիսը ապրիլի 2-ին ներկայացրել էր իր խորհրդարանին, իսրայելական զենքի ներկրումը հանդիսանում է կարևորագույն տարր։ Օրինակ՝ Աթենքը բանակցություններ է վարում իսրայելական արտադրության PULS տեսակի 36 բազմաֆունկցիոնալ բազմատրամաչափ հրթիռային համալիրների գնման շուրջ՝ դրանք սեփական «Աքիլլեսի վահան» հակաօդային պաշտպանության էշելոնացված համակարգում ներառելու համար։ Հունաստանին հետաքրքրում են նաև իսրայելական Barak MX ՀՕՊ միջոցները, որոնք ունակ են որսալ նույնիսկ որոշ տեսակի բալիստիկ հրթիռներ։

«Մենք հավատարիմ ենք մեր երկրներից յուրաքանչյուրի պաշտպանությանը, ներառյալ ծովային սահմանները,— Երուսաղեմի գագաթնաժողովում հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:— Ես սա անվանում եմ կոալիցիա՝ ի պաշտպանություն այդ նորմերի և կայունության: Եվ մենք հույս ունենք, որ այն փորձության չի ենթարկվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս