Արևմուտքն ակտիվացրել է ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում.  Միխայիլ Կալուգին

Արևմուտքն ակտիվացրել է իր ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում՝ փորձելով սեպ խրել Ռուսաստանի հետ տարածաշրջանի պետությունների հարաբերություններում, «ՌԻԱ Նովոստիի» թղթակից Քրիստինա Լունա-Ռոդրիգեսին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Նման գծի նկատմամբ Մոսկվայի արձագանքի, «Թրամփի ճանապարհի»  նախագծի քննարկման, Բաքվում ռուսական տան աշխատանքի, ինչպես նաև Անդրկովկասի վերաբերյալ քննարկումների անցկացման նոր վայրի մասին դիվանագետը գործակալությանը պատմել է նշանակումից հետո իր առաջին հարցազրույցում: (Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով):

  Ինչպիսի՞ն եք տեսնում Հարավային Կովկասի հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամրապնդվելու Արևմուտքի աճող փորձերը: Արդյո՞ք տարածաշրջանը չի վերածվում առճակատման գոտու։ Որո՞նք են Ռուսաստանի շահերը նոր պայմաններում:

– Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են։ Գլխավոր մտահոգությունն այնտեղ կայունության և բարգավաճման գոտու պահպանումն է, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանի երկրների հետ համատեղ բացահայտել նրա ներուժը, ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու կառուցումն է, թույլ չտալ նրա քաոսացմանը։

Ընդգծեմ՝ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ։ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է։ Լեռնաշղթայի հարավային կողմում գտնվող ժողովուրդների հետ մեզ միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմության փառահեղ էջերը, քաղաքակրթական մտերմությունը, միլիոնավոր ընտանեկան, ազգակցական կապերը: Երկար ժամանակ մենք ապրել ենք միասնական պետության կազմում։ Ժամանակին Ռուսաստանի հետ մերձեցումը տարածաշրջանի ժողովուրդներին թույլ է տվել պահպանել իրենց ինքնությունը։ Հարավկովկասյան հանրապետությունների պետական հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Միանգամայն համոզված եմ՝ մեր եզակի հարաբերությունները ենթակա չեն ժամանակի  և արտաքին ճնշումներին:

Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն ազդել են Ռուսաստանի, մեր արտաքին և ներքին անվտանգության շահերի, ինչպես նաև տնտեսության վրա։ Եվ հենց այդ պատճառով էլ այսօր արևմտամետները իրենց սկսած «առանց կանոնների խաղի» շրջանակներում ակտիվացրել են իրենց ապակառուցողական ջանքերը։ Նրանք փորձում են քանդել Հարավային Կովկասը, սեպ խրել Ռուսաստանի հետ տարածաշրջանի պետությունների հարաբերությունների մեջ, բաժանել մեզ։ Սա բաժանարար քաղաքականություն է, այլ ոչ թե զարգացման։ Չէ՞ որ Արևմուտքի շատ երկրների համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի պոտենցիալ «ցավոտ կետը»։  Հիմնական նպատակը՝ վնասել մեր երկրին, ընդ որում՝ այլ երկրների շահերի գնով ևս մեկ տարածաշրջան ներքաշել հակառուսական ծրագրերի մեջ։

Վերջին օրինակներից. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել Հայաստանին, որի բարեկեցությունը հիմնված է Ռուսաստանի հետ համագործակցության և ԵԱՏՄ-ին անդամակցության վրա, միանալ հակառուսական «պատժամիջոցների կոալիցիային»: Այսինքն՝ եվրաչինովնիկը բառացիորեն ներկայացավ մեղայականով՝ մերկացնելով Բրյուսելի ագրեսիվ բաժանարար օրակարգը։

Սակայն տարածաշրջանի երկրների ճնշող մեծամասնությունն այս առումով քաղաքական խորաթափանցություն է ցուցաբերում՝ առաջնային համարելով սեփական, իրենց կողմից լավ գիտակցվող շահերը։

– Ո՞րն եք համարում տարածաշրջանում փոխգործակցության օպտիմալ ձևաչափը տարածաշրջանում:

Հարավային Կովկասում առաջ ենք մղում «տարածաշրջանային խնդիրներին՝ տարածաշրջանային լուծումներ» սկզբունքը: Հենց այս բանաձևի շուրջ է կառուցված «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան «պլյուս» Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքը։ Ադրբեջանցի գործընկերների առաջարկած նման հայեցակարգը հավանության է արժանացել, մասնավորապես, 2023-ի հոկտեմբերին Թեհրանում կայացած «3+3» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստում։

Այս ձևաչափը զգալի ներուժ ունի։ Տեղի են ունեցել պլատֆորմի երեք հանդիպումներ: 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում նախարարների վերջին հանդիպման ամփոփիչ կոմյունիկեում նշվել է տարածաշրջանային փոխգործակցության կառուցողական դերը վստահության, բարգավաճման և համագործակցության ամրապնդման գործում, ինչը հնարավորություններ է ստեղծում վիճելի հարցերի կարգավորման միջոցով տնտեսության և առևտրի զարգացման համար։ Որոշվել է համագործակցություն սկսել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, նոր մարտահրավերների ու սպառնալիքների ոլորտում։ Ակնկալում ենք հնարավորինս շուտ Բաքվից և Երևանից ստանալ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպումների համաձայնեցված ժամանակացույցը։

– Ինչպե՞ս է զարգանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխգործակցությունը տարածաշրջանում:

Հարավային Կովկասում համագործակցության եռակողմ ձևաչափի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և փոփոխություններ չի կրել։ Շարունակում ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը՝ 2020-2022թթ. բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցվել է բոլոր առանցքային ուղղություններով «ճանապարհային քարտեզը»՝ խաղաղության պայմանագրի մշակում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանագծում և սահմանազատում, երկու երկրների հասարակությունների երկխոսության զարգացում: Այս ամենը փոխկապակցված են, դրանցից յուրաքանչյուրի համար աստիճանական առաջխաղացումը թույլ է տալիս, ընդհանուր առմամբ, հասնել արդյունքների:

Այսօր Բաքուն և Երևանը հիմնականում երկխոսում են ուղիղ, առանց միջնորդների։  Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը: Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ ուրախ կլինենք մեր հարթակում հյուրընկալել գործընկերներին՝ ամփոփիչ փաստաթղթի ստորագրման համար:

– Իսկ ի՞նչ կասեք քննարկվող «Թրամփի ճանապարհի» նախագծի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է՝ Երևանը Մոսկվայի հետ կքննարկի այդ նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Ռուսաստանին Ադրբեջանի և Հայաստանի հետ 2021-2023-ականներին հաջողվել է փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մշակել փոխընդունելի հանգուցալուծումների մի ամբողջ շարք։ Այդ պայմանավորվածություններն այսօր պահպանում են իրենց արդիականությունը։ Դրանց պահանջվածությունը ճանաչում են և Բաքվում, և Երևանում, այդ թվում՝ «Թրամփի ճանապարհի»՝ «մայրցամաքային» Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևան տարանցիկ երթուղու առումով՝ Հայաստանի հարավով:

Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու՝ ինչպես նախաձեռնության չափորոշիչները, այնպես էլ՝ ռուսական հնարավոր մասնակցությունը։ Առկա են բավարար  հիմքեր։ Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու հատված է։ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթգիծը։ «Ճանապարհը» մեծամասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով։ Պետք է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը։ Ակնհայտ է՝ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող։

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հետ հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում։

Գործնականում Ռուսաստանը հաստատում է Հայաստանի առանցքային առևտրա-ներդրումային գործընկերոջ կարգավիճակը։ Մեր երկրին բաժին է ընկնում արտահանման մոտ 37%-ը, իսկ հանրապետության ներմուծման՝ 32%-ը։ Հայաստանում մեկնարկել են ռուսական բիզնեսի ավելի քան 40 խոշոր նախագծեր՝ ավտոմոբիլաշինության, տրանսպորտի, նավթագազային, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում՝ կուտակված 4 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներով: Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ։ Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները նախկինի պես հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր, մի տարածաշրջան, որը միայն շոշափում է խաղաղ զարգացման ուրվագծերը։

Տեսանելի է հանրապետության ղեկավարության ձգտումը՝ «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքական կապերը։ Եվրամիությունը փորձում է օգտվել դրանից։ Մեր պատասխանը ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ամրապնդումն է։ Եվրասիական ինտեգրման առավելություններն ակնհայտ են. Լայնածավալ «անխափան» շուկա, մաքսային խոչընդոտների բացակայություն, հարցերի լուծում՝ հիմնվելով անդամ երկրների շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգավորված մեխանիզմի հիման վրա։ Հայաստանի անդամակցությունը միությանը նրա տնտեսական բարեկեցության հիմքն է, իսկ մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նրա անվտանգության գրավականը։ Ի տարբերություն արևմտականների՝ մենք կարողանում ենք փոխգործակցել իսկապես իրավահավասար և փոխշահավետ հիմքի վրա, ակտիվորեն աշխատում ենք պետությունների և ինտեգրացիոն միավորումների հետ, որոնց վիճակված է որոշել գլոբալ հարաբերությունների ապագան։ Մենք ուժեղ Հայաստանի կողմնակից ենք։

– Ներկայումս Հայաստանում քրեական գործով անցնում է Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի է: Ի՞նչ կասեք այս մասին: Արդյո՞ք նրան ցուցաբերվում է հյուպատոսական օգնություն:

– Արդեն նշել էինք՝ մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված՝ իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Մեզ համար միշտ գերակա եղել է և լինելու է Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը։ Ցանկալի չէ, որ տարիներով Կարապետյանի կառուցած բիզնես նախաձեռնությունները տուժեին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ռուսաստանում։

Երևանում Ռուսաստանի դեսպանատան գծով հյուպատոսական հասանելիություն է ձեռք բերվել՝ տեսակցել նրան։ Մեր դիվանագետների վերջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Ստանում ենք, այդ թվում՝ փաստաբանների և հարազատների միջոցով, Կարապետյանի առողջական վիճակի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, ցուցադրում լավատեսություն և մարտական ոգի:

Հարցը բարձրացնում ենք Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումներում՝ ընդգծելով, որ Կարապետյանն արդեն կես տարի անազատության մեջ է՝ առանց դատարանի որոշման։ Ազդանշաններ են հասնում այն մասին, որ նման իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերերը սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը դժվար թե ծառայի երկկողմ առևտրի վերընթաց դինամիկայի պահպանմանը։

– Ինչպե՞ս կգնահատեք Ռուսական տան Բաքու վերադարձի հեռանկարները: Ինչպե՞ս է զարգանում ընդհանուր առմամբ երկխոսությունը ձեր ադրբեջանցի գործընկերների հետ:

Ս.թ. հոկտեմբերի 9-ին Դուշանբեում երկու երկրների նախագահների կայացած հանդիպումը հզոր դրական լիցք հաղորդեց մեր հարաբերություններին։ Տրամադրված ենք դրանք զարգացնել համալիր՝ 2022-ի փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին համապատասխան։

Տնտեսության մեջ նկատելի է դրական դինամիկա։ 2024-ին շրջանառությունն աճել է 7,7%-ով՝ հասնելով 4,4 միլիարդ դոլարի։ Սպասումները մեծ են այս տարի ակնկալում ենք հասնել 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա օգոստոսի 21-22-ն Աստրախանում հաջողությամբ անցկացվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը, նախանշվել են աշխատանքի հեռանկարային ուղղությունները:

Ստիպված եմ ընդունել՝ այժմ Ադրբեջանի հետ մշակութային-հումանիտար ոլորտում կապերը զգալիորեն հետ են մնում տնտեսության մեջ փոխգործակցությունից։  Հանձնառու ենք շուտափույթ շտկել ստեղծված իրավիճակը։

Կշարունակենք շփումները Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով՝ մեր հարաբերությունների ողջ օրակարգով, ներառյալ՝ հումանիտար բաղադրիչը։ Տրամադրված ենք փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնել Բաքվում Ռուսական տան աշխատանքի շուտափույթ մեկնարկի համար, որը շոշափելի ներդրում է ունեցել մեր երկրների բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։

Մեզ համար անվերապահ առաջնահերթություն է այս ամառ Ադրբեջանում ձերբակալված մեր 11 քաղաքացիների շուտափույթ վերադարձը Ռուսաստան։ Այս թեման մանրամասն քննարկել ենք այս տարվա դեկտեմբերի 9-10-ն Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։

– Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկա վիճակը: Կա՞ արդյոք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկար։ Ինչպե՞ս է դրա վրա ազդում Թբիլիսիի և Բրյուսելի միջև տարաձայնությունը։

Ձգտում ենք Վրաստանի հետ կայուն հարաբերությունների։ Թբիլիսին ցուցադրում է առողջ պրագմատիզմ, արտաքին գործերում բազմավեկտորության միտում։ Վրաստանը չանդամակցեց հակառուսական պատժամիջոցների կոալիցիային, մերժեց Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ դրսից իրեն պարտադրվող անխոհեմ սցենարը։

Դրա շնորհիվ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տնտեսության մեջ զգալի հաջողությունների ենք հասել։ Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց ունենք ակտիվ կապեր, որոնք շոշափելի օգուտներ են բերում։ 2024-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 2,4 միլիարդ դոլար և շարունակում է աճել։ Մեր տարողունակ շուկան իրականում անփոխարինելի է վրացական արտահանման գլխավոր ապրանքների համար։ Վրաստան զբոսաշրջիկների թվով Ռուսաստանն առաջին տեղում է։  Եթե 2021-ին զբոսաշրջիկները 200 հազար մարդ էին, ապա 2024-ին՝ արդեն ավելի քան 1,4 միլիոն։ 2025-ին ռուսաստանցիներին բաժին է հասել Վրաստան ամբողջ զբոսաշրջային հոսքի գրեթե մեկ քառորդը։ Երկու տարի առաջ մենք վերականգնեցինք ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ։ Կարծում եմ՝ տրանսպորտային ոլորտում համագործակցությունը մեծացնելու, արգելքները վերացնելու և տարանցիկ հնարավորություններն ընդլայնելու ներուժ կա։ Փոխադարձ շահն այստեղ ակնհայտ է։

Եթե 2022-ին վրացական իշխանությունները, ի շահ արևմտականների, ընտրեին մեզ հետ առճակատման գիծը, այդ ամբողջ դրականը չէր լինի, և Վրաստանի տնտեսությունը չէր աճի 40%-ով։

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա տարածաշրջանում նրա քաղաքական մտահղացումների մասին արդեն ասել եմ։ Տնտեսությունում Եվրամիությունը, կարծես, նույնպես չի արդարացրել վրացիների սպասելիքները։ Չնայած ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին 2014-ին ստորագրված համաձայնագրին՝ վրացական ապրանքներին ոչ ոք չի սպասում ԵՄ շուկայում: Այդ մասին խոսում են չոր թվերը։ ԱՊՀ-ին բաժին է ընկնում վրացական ապրանքաշրջանառության 33 տոկոսը, իսկ ԵՄ բոլոր երկրներին՝ ընդամենը 22 տոկոսը։ Իսկ վրացական արտահանման մասով ԱՊՀ-ի և ԵՄ-ի մասնաբաժնի տարբերությունն ուղղակի հսկայական է. 2024-ին Վրաստանն ԱՊՀ է արտահանել իր ապրանքների 70 տոկոսը, իսկ ԵՄ՝ 9 տոկոսը։ Պարզ է, թե ում շուկան Վրաստանի համար բաց է, իսկ ում շուկան՝ փակ։

Ռուսաստանը լրջորեն է տրամադրված Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Կարևորն այն է, որ Վրաստանը չդառնա «մանրադրամ» հակառուսական խաղերում։

– Արդյո՞ք որոշում է կայացվել Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների նոր վայրի վերաբերյալ։

Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով միջազգային քննարկումների կանոնավոր նիստերը Ժնևից այլ վայր տեղափոխելու մասին որոշում դեռ չի կայացվել: Դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս ապահովել ձևաչափի բոլոր մասնակիցների շրջանում։ Դրա վրա շարունակում է աշխատել ռուսական կողմը՝ մեր աբխազական և հարավօսական դաշնակիցների աջակցությամբ։ Այս թեման մնում է Մոսկվայի, Սուխումի և Ցխինվալի անվերապահ գերակայությունը։ Նման խնդրի հրամայականությունը թելադրված է Շվեյցարիայի Համադաշնության ոչ բարեկամական գործողություններով։ Միևնույն ժամանակ, հավատարիմ ենք մնում նշված բանակցային ձևաչափով աշխատանքը շարունակելուն։ Այսօրվա դրությամբ այն մնում է միակ համաձայնեցված հարթակը Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնական ներկայացուցիչների միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրների շուրջ մշտական ուղիղ երկխոսության պահպանման համար:

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Աղբյուրը՝ Михаил Калугин: Запад активизировал деструктивные усилия на Южном Кавказе – РИА Новости, 16.12.2025

Տեսանյութեր

Լրահոս