«Մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում ոչ թե գերիների վերադարձի մասին, այլ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը մտադիր է համաներում շնորհել Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմներին մասնակցածներին և նրանց հարազատներին։

Նշվում է, որ համաներումը կտարածվի մոտ 20 000 մարդու նկատմամբ։ Այն կտարածվի 2020 և 2023 թվականների Արցախի դեմ պատերազմների մասնակիցների, այլ մարտական գործողությունների մասնակիցների, դրանց ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր ազգականների, հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև կանանց, 60 տարեկանից բարձր անձանց, հանցագործության պահին անչափահաս անձանց և այլոց վրա։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ այս համաներումը տարածվում է այն անձանց վրա, ովքեր մասնակցել են պատերազմին, բայց դրանից հետո ինչ-որ հանցագործություն են արել ու բանտարկվել՝ ազատ են արձակվելու։

«Սա Ադրբեջանի ներքին համաներման գործընթացն է, որևէ կապ չունի մեզ հետ, իսկ մեր պատանդների ու գերիների նկատմամբ շինծու դատական գործերն այլ դաշտում են քննարկվում։ Գերիների դեմ այդ շինծու գործընթացն ավարտվել է, իսկ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շարունակվում է»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ «ՀՀ օրվա իշխանությունն ընտրություններից որոշ ժամանակ առաջ մի քանի գերի կվերադարձնի Հայաստան, որպեսզի դիվիդենտներ շահի», Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ այդքան էլ լավատես չէ այդ հարցում՝ լավ իմանալով օրվա իշխանության բանակցային «հմտությունները»։

«Ինքս մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում, բայց ոչ թե դա լինի գերիների վերադարձի մասին, այլ փոխարենը՝ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին։ Սրա մասին առնվազն մամուլում տեղեկություններ հայտնվել են։ Ունեմ մեծ մտավախություն, որ դրա դիմաց ոչ միայն չենք ստանալու մեր բոլոր 23 ռազմագերիներին, այլ նրանց դիմաց Հայաստանը կարող է պայմանական 2-3 հոգու միայն վերադարձնել։

Իհարկե, ինքս ուրախ կլինեմ, եթե այս հարցում սխալվեմ, բայց ինքս տեսել եմ, թե հայկական կողմն այս հարցում ինչպես է բանակցում դեռ 2020 թվականից հետո։ Համոզված եմ, իրենք չեն հասկանում, թե Ադրբեջանի համար այս կամ այն կերպարն ինչ նշանակություն ունի, և դրա դիմաց ինչ կարող են ստանալ։ Ժամանակին, երբ Քարվաճառի 2 դիվերսանտների հարցն էր քննարկվում, մենք դրա դիմաց կարող էինք շատ մեծաթիվ գերիների ստանալ, ինչը ՀՀ իշխանությունը չկարողացավ անել։ Վախենամ՝ նման իրավիճակ լինի, հուսամ՝ այդպես չի լինի, բայց այդ մտահոգությունն ունեմ»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցին՝ Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել՝ արտաքին միջամտության դեմ պայքարի համար, ՀՀ իշխանություններն ինչո՞ւ նույն հայ գերիների հարցով չեն դիմում ԵՄ-ին, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ եթե այս խնդրի մասին ԵՄ-ում բարձրաձայնած լինեին, ապա բոլորն այդ մասին կիմանային։

«Այն, ինչը մենք տեսել ենք, հակառակն է՝ հստակ ընդունված տերմինաբանությունն է նույնիսկ փոխարինվել եվրոպական տարբեր հարթակներում ելույթների ժամանակ։ Ուզում եմ ասել, որ այդ առումով ամեն ինչ շատ հստակ է, միայն այն հանգամանքը, որ հայկական կողմից բանակցողները խաղաղության բուն գործընթացից այդ հարցը դուրս են դրել, օրինակ, նույն Վաշինգտոնում դա պետք է լիներ կարևոր պայման։ Այնպես պետք է անեին, որ ՀՀ պատվիրակության Հայաստան հասնելուն զուգահեռ, Երևան են հասնելու հայ գերիներ, սակայն դա տեղի չի ունեցել։ Վաշինգտոնյան հանդիպումը, անկախ տարբեր վերաբերմունքից, այն դրական էր ու հնարավորություն էր պարունակում իր մեջ, բայց այդ ռեսուրսը չի օգտագործվել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հաջորդ հարցին՝ եթե ԵՄ-ն ակտիվ զբաղվի գերիների հարցով, արդյունքը կարո՞ղ է դրական լինել, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ տարբեր կողմերի ներգրավվածությունն այդ հարցում կարող է միայն դրական ազդեցություն ունենալ։

«Այս պահի դրությամբ կարծում եմ՝ այս հարցը շատ արագ ու դինամիկ հնարավոր է լուծել ամերիկյան ներգրավվածությամբ ու միջնորդությամբ, եթե դա կապվեր խաղաղության գործընթացի հետ։ Սակայն հարցի առանձնացումը և թեմայից դուրս բանակցությունները նշանակում են, որ գործընթացն այլ հարթակում է։ Եթե անգամ սիրիացի վարձկանների հետ փոխանակման մասին են խոսում, պետք է հասկանան՝ ինչ են ստանալու, եթե հակառակ կողմին այդ փոխանակումն այդքան կարևոր է»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։ Բաքվի ռազմական դատարանում դատախազները պահանջել են, որպեսզի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտի Արցախի նախկին երեք նախագահներին։

Տեսանյութեր

Լրահոս