«Արցախի ինքնորոշումն ուրացող մարդն այլ ստորություններ էլ պետք է անի, դեռ Արցախի անուն տալն էլ արգելի. մարդկությունն այս ամենը կոչում է հանցավոր էության դրսևորում». Պարույր Հայրիկյան

Երեկ Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն էր։ Արցախի քաղաքական ու հասարակական գործիչները նախ առավոտյան այցելեցին «Եռաբլուր», այնուհետև արդեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում Արցախի ԱԺ-ն անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ նվիրված արցախահայերի վերադարձի խնդրին։

Այսօր արդեն Քննչական կոմիտեն  խուզարկություն է սկսել Արցախի ներկայացուցչության շենքում, ինչպես պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էր ասել՝ ինչ-որ փաստաթուղթ են փնտրում։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ այն, ինչ մտածում է այս ամենի վերաբերյալ, չի կարող հրապարակային հնչեցնել, բայց մեկ բան հստակ է՝ արցախահայերի ցեղասպանության հարցում Նիկոլ Փաշինյանն Ալիևի գործընկեր-հանցակիցն է։

«Հիմա Ալիևի գործընկեր-հանցակիցն ինչպե՞ս պետք է իրեն պահի, պարզ չէ՞, որ հենց այսպես պետք է պահի։ Ինքս հայկական ինքնորոշման շարժման առաջնորդն եմ, իսկ արցախյան ինքնորոշման շարժումը սկսվեց նրանից, երբ Հայաստանում դրանից մեկ տարի առաջ սկսվեց Ազգային ինքնորոշում միավորումը, դրանից հետո ալիքը հասավ Արցախ։ Հիմա այս մարդը շատ վատ բան է արել, Արցախի ինքնորոշումն ուրացող մարդը ծանրագույն՝ միջազգային հանցագործ է։

Կարդացեք նաև

Հիմա նման բան արած մարդը, պարզ չէ՞, որ խուզարկություն էլ պետք է կատարի, այլ ստորություններ էլ պետք է անի, պիտի դեռ Արցախի անուն տալն էլ արգելի՝ իր համար սա բնական ու օրինաչափ է։ Իսկ առհասարակ մարդկությունն այս ամենը կոչում է հանցավոր էության դրսևորում, իսկ դատարանն արդեն կարող է ամփոփել՝ սա հանցագործություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ Նիկոլ Փաշինյանի արշավին, Պարույր Հայրիկյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին շատ հստակ մեղադրանք է ներկայացրել՝ նա հանցագործություն է կատարել, որին պետք է տրվի իրավական գնահատական։

«2 օր առաջ եմ դիմել ամբողջ դատախազական համակարգի աշխատակիցներին, որ նրանք պարտավոր են գործել նույնիսկ Աննա Վարդապետյանի դեմ՝ հանուն օրենքի, քանի որ երդում են տվել։

Նիկոլ Փաշինյանը կասկածվում է կոռուպցիոն խմբի ղեկավար լինելու մեջ՝ իմ կողմից է կասկածվում։ Մենք ունենք ժողովրդավարության դեմ հանցագործություն կատարած անձ, և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Նա ստիպում է իր ենթականերին անտեսելու իր կատարած հանցագործությունները, հետևաբար՝ նման մարդը ոչ միայն Վեհափառի, այլև իմ և ձեր նկատմամբ վաղն ամեն ինչ էլ անելու է»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

Ըստ մեր զրուցակցի, Նիկոլ Փաշինյանն արդեն վարժվել է, գիտի՝ ինչ հանցագործություն էլ կատարի, մնալու է աննկատ։

Տեսանյութեր

Լրահոս