ՌԴ Մոսկվայի մարզը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Ռուսաստանի Մոսկվայի մարզը դեկտեմբերի 10-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են Մոսկվայի մարզի վրա հարձակվող 40 անօդաչու թռչող սարք, որից 32-ը շարժվում էին Մոսկվա քաղաքի ուղղությամբ։
Baza տելեգրամ ալիքի տվյալներով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերին, ձայնային ազդանշաններ հնչել են Մոսկվայի մարզի մի քանի քաղաքներում։ Ձայնը հստակ լսվել է Զելենոգրադում և Ռամենսկոյեում, մինչդեռ Դուբնայի բնակիչները հայտնել են քաղաքի վրա առնվազն հինգ պայթյունի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 7:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 287 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Կալուգայում ոչնչացվել է 40, Տուլայի մարզում՝ 27, Յարոսլավլի մարզում՝ 11, Սմոլենսկի մարզում՝ 6 և Ռյազանի մարզում՝ 2 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով սահմանափակումներով են աշխատել մայրաքաղաք Մոսկվայի 4 օդանավակայանները՝ «Շերեմետևո»-ն, «Վնուկովո»-ն, «Դոմոդեդևո»-ն և «Ժուկովսկի»-ն։
RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Պոլտավայի մարզի Կրեմենչուկի շրջանում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա։
«Հակաօդային պաշտպանությունը ակտիվ է եղել։ Խփվել են նշանակալի թվով թիրախներ։ Ընկնող բեկորները և ուղիղ հարվածները հրդեհներ են առաջացրել օբյեկտներում»,-ասել է Պոլտավայի հատուկ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ առաջնագծի երկայնքով գրանցվել է 234 մարտական բախում: Ռուսական կողմն իրականացրել է 38 ավիահարված և նետել 94 կառավարվող ռումբ: Բացի այդ, իրականացրել է 3607 հարձակում։
