Դեգրադացիա, անկում. Լիլիթ Մակունցը` Յուրի Սարգսյանի փոխարեն
Լիլիթ Մակունցը միանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) Հոգաբարձուների Խորհրդին. այսօր ամերիկյան համալսարանի էջում էր դրվել այս «ավետիսը»՝ արձանագրմամբ. «Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարելու Հայաստանի Հանրապետության (ՀՀ) վարչապետի գլխավոր խորհրդական դոկտոր Լիլիթ Մակունցի` ՀԱՀ Հիմնադրամի (ՀԱՀՀ) Հոգաբարձուների Խորհրդում նշանակման մասին»:
Այս հայտարարությունից տեղեկանում ենք, որ Մակունցը փոխարինելու է հանգուցյալ դոկտոր Յուրի Սարգսյանին, որը ՀԱՀ համահիմնադրիրներից էր, Խորհրդի անդամը և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտորը:
Զավեշտալին այն է, որ երջանկահիշատակ գիտնական Յուրի Սարգսյանի պես պրոֆեսիոնալին այսօր փոխարինում է մեկը, որի կենսագրությունը, կարելի է ասել, սկսվում է 2018 թվականի հեղափոխություն կոչվածից: Այսպիսի դեգրադացիա հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ մղձավանջային երազում:
Ահա, թե ինչպես է Ամերիկյան համալսարանը նրան ներկայացրել. «Դոկտոր Մակունցը Խորհուրդ է բերում Հայաստանի պետական հատվածում ծառայության լայն փորձառություն։ Նա ծառայել է որպես Մշակույթի նախարար 2018-2019 թվականներին, այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և դարձել «Իմ Քայլը» խորհրդարանական դաշինքի մեծամասնության ղեկավարը։ 2021 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մակունցն ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում, որտեղ նրա աշխատանքը կապել է դիսկուրսի վերլուծությունը, լեզուն, սոցիոլինգվիստիկան, ճանաչողական լեզվաբանությունը և քաղաքական հաղորդակցությունը։
Խոսելով իր նոր առաքելության մասին՝ Մակունցն ասել է, որ ակնկալում է օգտագործել իր փորձի այն հատվածը, որը ձևավորել է իրեն ոչ միայն որպես պետական ծառայող, այլև որպես անձ։
«ՀԱՀ-ը պարզապես հաստատություն չէ. այն առանձնահատուկ տեղ ունի մեր երկրի կյանքում և մեր բարձրագույն կրթական համակարգում։ Այն դռներ է բացում երիտասարդների առջև, ընդլայնում նրանց հորիզոնները և օգնում նրանց պատկերացնել մի ապագա, որը գուցե ժամանակին անհասանելի է թվացել։ Այս ջանքի մի մասը լինելը և ՀԱՀ-ի երկարաժամկետ տեսլականին աջակցելը ինձ համար խորապես իմաստալից է»,-ասել է Մակունցը:
Մենք գիտենք, որ ՔՊ-ական տարբեր ներկայացուցիչներ արագորեն տեղավորվում են բուհական համակարգում՝ հավանաբար համակարգն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոսներ և աշխատակիցներ 2020 թվականի հենց այսօ օրերին հայտարարություն էին տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝
ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը,
պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,
պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը, ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը,
տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին,
մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին»,- գրել էին նրանք:
Դե, իսկ թե ընդամենը վերջերս ՔՊ-ական պատգամավոր դասախոս Թագուհի Ղազարյանի աշխատանքային պայմանագիրը ՔՊ-ական քարոզով զբաղվելու պատճառով չերկարացնելուց հետո ինչ տեղի ունեցավ Ամերիկյան համալսարանում, երկար չպատմենք, միայն հիշեցնենք, որ համալսարան այդ տիկնոջ հարցով այցելում են ԱԱԾ-ականներ` կոնկրետ ուժի ցուցադրության և համալսարանին վախեցնելու նպատակով։ Ինչո՞ւ, որովհետև նա իր հաշվեհարդարի գործին կցել էր Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին և նախարար Ժաննա Անդրեասյանին:
Ի վերջո, նրանք հասան իրենց նպատակին, և նա շարունակում է դասավանդել:
Ահա, կարդացեք` ինչ էր տեղի ունեցել, և ինչպիսի զարգացումներ էին արձանագրվել այդ հարցով:
Ահա այսպիսի բարքեր, ահա այսպիսի անկում…
