Ինչո՞ւ Վազգեն Միրզախանյանը չի կարողանում լքել երկիրն ու գնալ իր թեմ

Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ, իսկ երեկվանից արդեն ադրբեջանա-թուրքական «խաղաղության» օրակարգի սպասարկու, Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը վերջին ժամանակներում դարձել է ՔՊ-ական քարոզչական տեղեկատվական հարթակների աստղը:

Շրջիկ խմբով Նիկոլ Փաշինյանի հետ պատարագների մասնակցելուց ազատ ժամանակ գրեթե ամենօրյա ռեժիմով Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը տարբեր եթերներում խոսում է եկեղեցու քաղաքականացվածության մասին՝ թերևս մոռանալով, որ հիմա ինքն է ոտքից գլուխ քաղաքականացված, այն էլ՝ բացառապես ՔՊ-ական գծի հանրահռչակմամբ:

Վազգեն արքեպիսկոպոսը թեմն անգլուխ է թողել ու Հայաստանում է գտնվում տևական ժամանակ` նոյեմբերի սկզբից. մի բան, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, նա Հայաստան էր եկել՝ մասնակցելու նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, ու… մնացել այստեղ:

Վստահաբար, եթե մեկ այլ բարձրաստիճան հոգևորական իր թեմն ու հոտն այսքան ժամանակ թողներ անտեր ու Հայաստանում հանդես գար Կաթողիկոսի ամենօրյա պաշտպանությամբ ու գովերգմամբ, դա չէր վրիպի փաշինյանական պրոպագանդայի աչքից ու Վեհափառ Հայրապետին հիմա էլ դրա համար կմեղադրեին, թե՝ ինչո՞ւ կարգալույծ չես անում:

Բայց Նիկոլ Փաշինյանի 1 sms-ով դա, իհարկե, չեն անում ու չեն անի այնքան ժամանակ, քանի դեռ Վազգեն աքեպիսկոպոսը սպասարկում է իրենց քաղաքական գիծը, բամբասում Ամենայն Հայոց կաթողիկոսից ու գործում Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Ակնհայտ է, որ Վազգեն Միրզախանյանի վերաբերյալ ևս գործի է դրվել կոմպրոմատային փաթեթի զորությունը, այլապես վերջինս դժվար թե այդպես բացահայտ դուրս գար Վեհափառի դեմ՝ վարկաբեկելով առաջին հերթին ինքն իրեն ու իր անցած ճանապարհը, և այդքան չէր ցածրանա ու, ի վերջո, մեկ-երկու հյուրախաղերից հետո կմեկներ իր թեմ, բայց ավա՜ղ…

168.amի տեղեկություններով՝ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ վերջինիս ՍԷԿՏ-ը՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական հարթակը, փակ է, այսինքն՝ նա չի կարող հատել Հայաստանի սահմանն ու գնալ իր թեմ, թեպետ, ասում են, շա՜տ է ուզում:

Իսկ դա նշանակում է, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի վերաբերյալ կա քրեական վարույթ ու ընտրված խափանման միջոց, եթե, իհարկե, ինչպես ընդունված է վերջին ժամանակներում, անօրինական եղանակով, առանց վարույթի պարզապես չեն փակել նրա ելքը երկրից:

Բնականաբար, Վազգեն սրբազանի վերաբերյալ հսկայական կոմպրոմատներ կան, սկսած անձնական կյանքի մանրամասներից, մինչև Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում ծագած սկանդալային պատմությունները (2014թ.), հայկական եկեղեցուն տրամադրված գուրմարներն անհասկանալի ուղղությամբ ծախսելու, Վրաստանի պետբյուջեից հայկական եկեղեցուն հատկացված 1.300-1.500 միլիոն լարին (մոտ 940 հազար դոլար) մսխելու փաստեր, զարմանազան կապերի մասին տեղեկություններ: Ի դեպ, այդ սկանդալային խայտառակ պատմությունների մասին գրել էր և վրացական մամուլը, և հայաստանյան մամուլը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ընդ որում, ըստ լավատեղյակների՝ տիրադավ այդ հոգևորականների կյանքն ու գործունեությունը շատ հաճախ իր աջակցությամբ փրկել է հենց Գարեգին 2-րդը, որի դեմ նրանք այսօր պայքարում են՝ պահանջելով նրա հրաժարականը:

Այնպես որ, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը թող շատ պարզ հարցի պատասխանի՝ իր ՍԷԿՏ-ը փա՞կ է, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս