Բաժիններ՝

Իսրայելի կողմից Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասի հարակից շրջանին հասցված հարվածի հետևանքով հայեր չեն տուժել

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի շենքերից մեկին, ինչի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Նաբաա շրջանը գտնվում է Բուրջ Համուդ թաղամասի անմիջական հարևանությամբ, որի բնակչության մեծամասնությունը հայեր են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բեյրութի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկություններ փոխանցեց այդ կապակցությամբ՝ նշելով, որ վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի ու Իսրայելի միջև 2024 թվականի հակամարտությունից ի վեր առաջին անգամ հրթիռակոծվել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ գտնվող բնակելի թաղամասը։

«Բարեբախտաբար, լիբանանահայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն մեզ շատ է մտահոգում այն իրողությունը, որ թիրախավորվել է Բուրջ Համուդի հարակից տարածքը։ Հրթիռակոծումը բավականին մոտ է եղել մեր թաղամասին։ Հարվածից տուժած բնակարանում նույնպես հայեր չեն եղել։ Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ իսրայելական կողմը թիրախավորել է այն բնակարանը, որտեղ բնակվում էր «Հըզբոլլահ»-ի անդամներից մեկը, ով հատուկ նշանակություն ուներ Իսրայելի համար»,- ասաց Գանտահարյանը։

Նա վստահեցրեց, որ խուճապային տրամադրություններ չկան, սակայն կա անորոշություն, ինչն էլ մեծ անհանգստություն է պատճառում բնակիչներին։

«Լիբանանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել իսրայելական կողմի հետ և նույնիսկ ցանկանում է պատվիրակություն ձևավորել, որպեսզի հանդիպեն Կիպրոսում, սակայն այդ հարցում էլ դեռ հստակություն չկա։ Փոխարենը՝ սաստկացել են հրթիռակոծումները։ Իսրայելը նպատակ է դրել անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի հետ սահմանի երկայնքով, և նույնիսկ նախատեսվում է այդ ծրագիրն իրականացնել Լիբանանի տարածք ներխուժելու միջոցով։ Շատ բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որևէ նախադրյալ դեռ չի նշմարվում»,- հայտնեց Գանտահարյանը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին՝ հաջակցություն Իրանի։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածների զոհ է դարձել գրեթե 690 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս