Այստեղ ենք պահանջելու վերջ տալ զանգովի արդարադատությանը, անօրինականությանը․ ակցիա Կառավարության մոտ

Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։

«Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից վերջ տալ զանգովի արդարադատությանը։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

Նրա խոսքով` Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը լեփ-լեցուն է քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով մարդկանցից և իր աթոռը կորցնելուց, մարդկանց զրկում է խոսքի ազատությունից»,- ասաց Միքայելյանը։

Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող են Կարապետյանին հեռախոսով ապահովել ժողովրդի հետ կապի համար։

Կառավարությունից որևէ մեկը չմոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Նրանք փորձեցին հանձնել հեռախոսը, սակայն ոստիկանությունը նրանց հայտնեց, որ այստեղ կարող են ընդունել միայն ծրարներ՝ նամակների տեսքով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հեռախոսը թողեց կառավարության շենքի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս