ՀՀ–ն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն իրենց տարածքում անօրինական գտնվող քաղաքացիներին

Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:

Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում։

Փաստաթուղթն իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։

Որպեսզի որոշվի` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, թե ոչ, կառավարությունը համաձայնագիրը կներկայացնի սահմանադրական դատարան: Բարձր դատարանի որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։

Տեսանյութեր

Լրահոս