Գիտնականները պարզել են, թե ինչպես է Ալցհայմերի հիվանդությունը մեծացնում շաքարախտի առաջացման ռիսկը
Ալցհայմերի հիվանդությունը կարող է խաթարել նյարդերի և արյան անոթների միջև կապը ճարպային հյուսվածքում, ինչը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների և մեծացնում է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի առաջացման ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցի հետազոտողները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Lipid Research (JLR) ամսագրում:
Չնայած Ալցհայմերի հիվանդությունը սովորաբար կապված է հիշողության կորստի և ճանաչողական խանգարումների հետ, գիտնականները ավելի ու ավելի են նշում, որ այն ազդում է օրգանիզմի նաև այլ համակարգերի վրա:
Ճարպային հյուսվածքը կարևոր դեր է խաղում մարմնի էներգետիկ հաշվեկշռի կարգավորման գործում: Այն սերտորեն փոխազդում է ուղեղի հետ նյարդերի և արյան անոթների ցանցի միջոցով: Որոշելու համար, թե ինչպես է Ալցհայմերի հիվանդությունը ազդում այս կապի վրա, հետազոտողները փորձարկում են արել մկների վրա:
Առողջ մկների մոտ սիմպաթիկ նյարդերը՝ նյութափոխանակության կարգավորման համար պատասխանատուները, դասավորված էին արյան անոթների երկայնքով՝ ձևավորելով կարգավորված կառուցվածքներ: Ալցհայմերի հիվանդության մոդել ունեցող կենդանիների մոտ գիտնականները հայտնաբերել են «կառուցվածքային անջատում». նյարդերն ու անոթները կորցրել են կապը, և դրանց միջև ազդանշանները թուլացել են:
Հետազոտության համահեղինակ Լի Յանի խոսքով՝ այս դիտարկումը մասամբ բացատրում է, թե ինչու են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդիկ ավելի հակված շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։

