Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել
Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի դեմ երկու հոդվածով՝ ընդդիմության հանրահավաքը ցրելու և Չորչանա գյուղի մոտ՝ Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին, ոստիկանական անցակետ տեղադրելու համար։
«Այս հոդվածներով նախատեսվում է մինչև 13 տարի ազատազրկում», – հայտարարել է երկրի գլխավոր դատախազը`ընդգծելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարի Թբիլիսիին հանձնարարել է քննչական գործողություններ իրականացնել Գախարիայի օրոք՝ 2019 -ի հունիսի 20-21-ը Թբիլիսիում ցուցարարների դեմ իրականացված գործողությունների շուրջ և գնահատական տալ «դրանց պլանավորման և անցկացման համար պատասխանատու անձանց»։
Այդ օրերին հազարավոր մարդիկ էին հավաքվել Վրաստանի խորհրդարանի շենքի առջև, երբ Ուղղափառների միջխորհրդարանական նիստի ժամանակ ռուսական Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Քննությունը պնդում է, թե խաղաղ ակցիան վերածվել է բռնի գործողությունների, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ տարբեր ատսիճանի վնասվածքներ էին ստացել։
Գախարիան, որ տարիներ առաջ՝ հրաժարականից հետո, ընդդիմադիր կուսակցություն է ստեղծել և այժմ բնակվում է Գերմանիայում, մեղադրանքներին դեռ չի արձագանքել։

