Բժիշկը նշել է, թե օրական քանի մանդարին կարելի է ուտել
«СберЗдоровье» բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան Lenta.ru-ի հետ զրույցում բացահայտել է, թե օրական քանի մանդարին կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու, ինչպես նաև այն, թե ով պետք է սահմանափակի այս մրգի օգտագործումը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել առնվազն 400 գրամ տարբեր մրգեր և բանջարեղեն, ինչը համարժեք է մոտավորապես 80 գրամանոց հինգ չափաբաժնի: Լիարժեք և հավասարակշռված սննդակարգի համար կարևոր է պահպանել բազմազանությունը, ուստի մանդարինի օպտիմալ և անվտանգ օրական ընդունումը չպետք է գերազանցի երկու կամ երեք հատը»,- խորհուրդ է տվել բժիշկը։
Ընդ որում, Բելոուսովան նշել է, որ մանդարին ուտելիս կարևոր է հիշել որոշակի կանոններ: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում մանդարին ուտել դատարկ ստամոքսին՝ դրանց բարձր թթվայնության պատճառով, որը կարող է գրգռել ստամոքս-աղիքային տրակտը:
Բելոուսովան նաև կոչ է արել ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպիսիք են գաստրիտը, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, սահմանափակել մանդարինի օգտագործումը՝ սրացումից խուսափելու համար: Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է չափավորեն մանդարինների քանակն իրենց սննդակարգում, քանի որ դրանք կարող են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ, հավելել է բժիշկը:
