Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու իր խոստումը։ Այս մասին հա գրել է X սոցիալական հարթակում։
«Ես կատարել եմ այն, ինչի մասին հայտարարել էի շաբաթ օրը (խմբ.՝ փետրվարի 21-ին), որ եթե նավթի մատակարարումները Սլովակիային չվերսկսվեն երկուշաբթի օրը (խմբ.՝ փետրվարի 24-ին), ապա ես SEPS պետական բաժնետիրական ընկերությանը կխնդրեմ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումներն Ուկրաինային», – գրել է Ֆիցոն։
Նա հիշեցրել է, որ միայն այս տարվա հունվարին այդ արտակարգ մատակարարումները, որոնք անհրաժեշտ էին Ուկրաինայի էլեկտրական ցանցերը կայունացնելու համար, երկու անգամ ավելի են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան դադարեցրել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումները՝ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Բրատիսլավան և Բուդապեշտը Կիևին մեղադրում են քաղաքական պատճառներով խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար։
«Դրուժբա»-ով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաև Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը հայտարարել է, որ հանձնաժողովը պահպանում է շփումները Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ «Դրուժբա» նավթատարի աշխատանքի խափանման հարցով և վստահեցնում, որ ուկրաինական կողմը տրամադրված է այն վերականգնել։



