Իրանը քննարկում է Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլին
Իրանը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է բանակցությունների հաջորդ փուլին նրա մասնակցությանը, այս հարցը քննարկվում է։ Ես դեռ չեմ կարող ձեզ վերջնական պատասխան տալ, բայց այս թեման բարձրացվել է, քանի որ նա նույնպես որոշակի դեր է խաղացել նախորդ փուլում», – նշել է Բաղային։
ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտներ հնարավոր այցելության առնչությամբ դիվանագետը պարզաբանել է, որ «այս հարցը պահանջում է համաձայնություն կոնկրետ ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է մշակվի՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, այդ թվում՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և այդ օրենքով սահմանված ընթացակարգը»։ 2025 թ. հունիսին Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանն արգելել էր ԱԷՄԳ տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։
«Մենք դեռևս այդ փուլում չենք գտնվում, չնայած գործակալության հետ մեր համագործակցության շրջանակներում փոխանակումներ և շփումներ են ընթանում մշտական հիմունքներով», – հավելել է նա։
2026 թ. հունվարին Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։ Վաշինգտոնն այնուհետև հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային ծրագրից լիակատար հրաժարում: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք մտադրություն չունեն ատոմային ռումբ մշակելու:
Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Օմանում։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։



