Զելենսկին հստակ ժամկետ է ակնկալում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար
Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում իր ապագա անդամակցության վերաբերյալ: Կիևում կարծում են, որ գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում պատերազմի և Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին:
Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարցազրույցը Financial Times-ի հետ:
Նախագահն ընդգծել է, որ ցանկանում է կոնկրետ ժամկետ տանալ և ԵՄ-ին խնդրում է այլևս չհետաձգել այդ որոշումը, որպեսզի ապագա ղեկավարները և ուկրաինացիների նոր սերունդը չհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արգելափակի Ուկրաինայի անդամակցությունը:
Նշվում է, որ Զելենսկու հայտարարություններն արտացոլում են Ուկրաինայի ռազմավարական ձգտումն՝ ամրապնդվելու եվրոպական կառույցներում և նվազեցնելու արտաքին ճնշման ազդեցությունն ազգային քաղաքականության վրա:
ԵՄ-ին անդամակցության կոնկրետ ժամկետը համարվում է երկրի «երկարաժամկետ անվտանգության և կայունության առանցքային տարր, ինչն առանձնապես հրատապ է Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի համատեքստում»։
Ուկրաինական կողմի տեսանկյունից՝ եվրաինտեգրման հետաձգումը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում երկրի համար։
Զելենսկու խոսքով՝ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական մանևրներ օգտագործել, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպեսզի թուլացնի բանակցություններում Կիևի դիրքերը։



