
Եվրամիությունը չի պատրաստվում բարձրացնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. Le Monde

Եվրամիությունն ի հեճուկս Թրամփի պահանջների, մտադիր չէ բարձրացնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Դրա մասին գրում է Le Monde-ը։
«Դա չի նշանակում, որ մենք չպետք է միջոցներ ձեռնարկենք, բայց առայժմ ոչ մի չափազանց մաքսատուրք»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է եվրոպացի դիվանագետը։
Ըստ աղբյուրի՝ Թրամփն իր պահանջներով տպավորություն է ստեղծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, բայց եվրոպացիները՝ ոչ։
Եվրոպացի պաշտոնյան պարզաբանել է, որ ԵՄ-ի նպատակը Ռուսաստանի տնտեսության դեմ խիստ պատժամիջոցներն են, որոնք ուղղված են Մոսկվայի հետ ուղղակի կամ անուղղակի առևտրին, և ոչ թե «մեր սեփական տնտեսության հետագա թուլացմանը», հաղորդում է BBC-ն։
Մեկ այլ աղբյուր հավելել է, որ Թրամփը հասկանում է, որ «չի կարող Չինաստանի դեմ միայնակ պայքարել և մեզ հետ միասնական ճակատի կարիք ունի»։
Բրյուսելը միաժամանակ մտադիր չէ Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանել, քանի որ դա չի բխի ԵՄ շահերից, Le Monde-ին ասել է եվրոպացի պաշտոնյան։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Reuters-ին և Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանի նկատմամբ՝ Պեկինին ռուսական նավթ գնելուց կանխելու համար, եթե եվրոպական երկրները խիստ մաքսատուրքեր չսահմանեն Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։
«Ակնկալում ենք, որ եվրոպացիները հիմա կանեն իրենց մասը, և մենք առանց եվրոպացիների առաջ չենք շարժվի»,- ասել է նա։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ «մեծածավալ պատժամիջոցներ» կկիրառի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունները դադարեցնեն ռուսական նավթ գնելը և Չինաստանի նկատմամբ 50-100% մաքսատուրքեր սահմանեն։