Հնդկաստանը և ԱՄՆ-ն սեպտեմբերի 16-ին կվերսկսեն բանակցություններն առևտրային համաձայնագրի շուրջ

Հնդկաստանը սեպտեմբերի 16-ին կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները նոր առևտրային համաձայնագրի ստորագրման շուրջ: Այդ մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի կառավարության մի աղբյուրի:

Ըստ նրա տեղեկատվության՝ բանակցություններում ԱՄՆ պատվիրակության ղեկավարը սեպտեմբերի 15-ի երեկոյան կժամանի Հնդկաստան՝ երկկողմ առևտրի հարցերի քննարկումը շարունակելու և նոր գործարք կնքելու համար, որը նախատեսում է Հնդկաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության աճ:

Օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն 25%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ նրա կողմից ռուսական նավթի և նավթամթերքի ձեռքբերման պատճառով: Այդպիսով, հնդկական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերը հասցվել են մինչև 50%: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն անարդար է անվանել այդ գործողությունները:

Կողմերը լայնածավալ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել են փետրվարին՝ Մոդիի Վաշինգտոն այցից հետո: Հնդկաստանը և Միացյալ Նահանգները ձգտում են կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը և մինչև 2030 թվականն այն հասցնել 500 միլիարդ դոլարի: Փաստաթուղթը նախատեսվում էր ստորագրել աշնանը: Հնդկական պատվիրակությունը մի քանի անգամ այցելել է Վաշինգտոն՝ բանակցությունների հերթական փուլերի համար: Ամերիկյան պատվիրակության այցը հանրապետություն՝ վեցերորդ փուլի անցկացման համար, որը նախատեսված էր օգոստոսի 25-ին, չեղյալ է հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս