Միրզոյանը ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով  շնորհված Բարեկամության շքանշանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ, այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։

Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս