ԲՀԿ պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումներ կան․ ԿԸՀ–ն համաձայնել է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 3 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել։
Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Գարուշ Մարզեցյանի, Լոռու մարզի ԲՀԿ բոլոր գրասենյակների համակարգող Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։
ԿԸՀ-ն, ուսումնասիրելով գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունն ու լսելով վարույթի մասնակիցներին, որոշել է, որ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված՝ պասիվ ընտրական իրավունքի իրացման խոչընդոտելու նպատակ առկա չէ։ Միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ չկա հանգամանք, որը կփաստի քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Ուստի ԿԸՀ-ն հունիսի 2 և 3-ի որոշումներով բավարարել է միջնորդությունները։
Համապատասխան որոշումները հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում։



