ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ. ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ. Արցախի պատմությունը՝ մաս 10-րդ

Հենց ամենասկիզբից արցախահայությունը չնդունեց 1921-ի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու խորհրդային որոշումը: Ընդվզումները Ղարաբաղում սկսվել էին դեռևս 1920-ի աշնանը՝ Թևան Ստեփանյանի գլխավորությամբ, ով սերտորեն գործակցում էր Սյունիքում գտնվող Գարեգին Նժդեհի հետ: 11.500 քառակուսի կիլոմետր Պատմական Արցախից թողնելով 4.400 քառակուսի կիլոմետր սահմաններով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ խորհրդային կարգերի արշալույսին Ադրբեջանը սկսել էր Արցախի ծվատման և վերջնականապես կլանման 70-ամյա սանձարձակ քաղաքականությունը:

ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից, Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն ոտնահարել է ԼՂԻՄ հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ ԼՂԻՄ-ը Ադրբեջանին զիջում էր մեկ շնչին ընկնող համախառն հանրային արդյունքով, արդյունաբերության, գյուղատնտեսության մեքենայացմամբ և կապիտալ ներդրումներով։ Այսպես. 1986-ի դրությամբ Ադրբեջանում մեկ բնակչին ընկնող կապիտալ ներդրումները կազմել են 473, Նախիջևանում՝ 342, իսկ  ԼՂԻՄ-ում՝ ընդամենը 181 ռուբլի:

Խորհրդային 70 տարիների ընթացքում Արցախում երբեք չեն դադարել Ադրբեջանից ազատագրվելու և Մայր Հայաստանի հետ միավորվելու ձգտումները: 1988-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Խորհրդային Ադրբեջանին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով: Արցախի հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժն ու բռնությունը։

Ելնելով դեպքերի զարգացման ընթացքից՝ Հայաստանի Գերագույն Խորհրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդը 1989-ի դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Արդեն 1990-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Այս իրողությունը սրերով ընդունեց Ադրբեջանի ղեկավարությունը։ 1991-ի նոյեմբերից Ադրբեջանը զինված ագրեսիա սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

1992-ի մարտի 26-ին ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Թիկունքն ապահովելու նպատակով խնդիր է դրվում առաջին հերթին Արցախը մաքրել ավազակախմբերի հենակետեր դարձած ադրբեջանական բնակավայրերից: 1992-ի մայիսի 7–ի գիշերվա ժամը 3-ին սկսվում է «Հարսանիք լեռներում», նույն ինքը՝ Շուշիի ազատագրման գործողությունը։

Ադրբեջանական 1993-1994-ի ձմեռային արշավանքի ձախողումն ի վերջո ստիպեց Հեյդար Ալիևին, որի օրոք Ադրբեջանը կորցրել էր նախկին ԼՂԻՄ և Ադրբեջանի Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանների մեծ մասի ռազմական վերահսկողությունը, բանակցությունների սեղանի շուրջ նստել: 1994-ի մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը բանակցություններ անցկացրեցին և մայիսի 14-ին զինադադարի համաձայնագիր ստորագրեցին:

Այսպես ծնվեց ու կյանք առավ հայոց պատմության վերջին 1000 տարիների ամենամեծ ռազմաքաղաքական հաղթանակը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

«Արցախի պատմությունը» նախագծի 10-րդ մասը (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ. ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ) ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս