
Նեպալի բանակը մինչև սեպտեմբերի 11-ը ամբողջ երկրում պարետային ժամ է սահմանել

Նեպալի բանակը հայտարարել է երկրի ամբողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը պարետային ժամ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով բանակի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գերատեսչության հայտարարությունը:
Տեղաշարժի սահմանափակումները, որոնք գործելու էին մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 17:00-ն, կերկարաձգվեն մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 06:00-ն: Որոշումը կայացվել է հասարակական անվտանգությանը պահպանվող սպառնալիքների պատճառով:
Սահմանափակումների գործողության ժամանակահատվածում երթևեկել թույլատրվում է միայն արտակարգ ծառայությունների փոխադրամիջոցներին՝ շտապօգնության, հրշեջ մեքենաներին, ինչպես նաև անվտանգության ուժերի մեքենաներին: Բնակիչներին կոչ է արվում մնալ տանը, բացառությամբ արտակարգ դեպքերի:
Լրատվական հարթակի տվյալներով՝ Կատմանդուում և մյուս խոշոր քաղաքներում բանակն արդեն վերահսկում է իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Kathmandu Post թերթը, Նեպալի բանակը պարեկում է Կատմանդուի և երկրի խոշոր քաղաքների փողոցները: Զինվորականները բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակչությանը չմասնակցել բողոքի ցույցերին և օգնել պահպանել անդորրն ու անվտանգությունը:
Միևնույն ժամանակ, ըստ India Today պարբերականի, Gen-Z երիտասարդական շարժման ներկայացուցիչները, որի ակտիվիստները դարձել են Նեպալում բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներից մեկը, կոչ են արել իրականացնել լայնածավալ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ երկրի սահմանադրության փոփոխություններ: