
Շտապ պահանջում ենք հայտարարել համաներում. Հայաստանում 30 քաղբանտարկյալ կա. Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ այսօր և առաջիկայում շատ է խոսվելու վաշինգտոնյան գործընթացների մասին, ուստի իր ելույթն այսօր կվերաբերի մեկ այլ կարևոր թեմայի։
«ՀՀ օրենսդրությամբ համաներում կարող է նախաձեռնել բացառապես Կառավարությունը, ԱԺ-ն այն ընդունում է օրենսդրական նախաձեռնության ընթացակարգով։ Նախորդ տարվա տվյալներով՝ ՀՀ-ում կա շուրջ 2400, մի փոքր դրանից ավելի կալանավոր։ Ես չեմ խոսի բերդերի գերծանրաբեռնվածության, պահման պայմանների մասին, բոլորս դա գիտենք։ Ընդամենը հիշեցնեմ, որ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, այսինքն՝ հասարակություն վերադարձնելը, անձին ուղղելը, այլ ոչ թե՝ առաջին հերթին պատժելը։
Հենց այդ տրամաբանությամբ մեկ վայրկյան պատկերացրեք, թե որքան ընտանիքներ են տանջվում այդ հարցով»,- իր խոսքում նշեց Հայկ Մամիջանյանը։
Այս համատեքստում նա նաև ընդգծեց՝ որևէ մեկին թող չթվա, որ ելույթն ուղղված է քաղբանտարկյալների հարցին՝ հավելելով, որ այս պահին Հայաստանում 30-ից ավելի քաղբանտարկյալներ կան, որոնց միակ հանցանքը հայրենասիրությունն է։
«Նրանք պիտի ազատ արձակվեն հենց այս պահին, բայց այս ելույթս իրենց մասին չէ, այլ մեր այն համաքաղաքացիների, որոնք այս պահին անհամբեր սպասում են համաներման։
Հաշվի առնելով օրենսդրական առանձնահատկությունը, ՀՀ կառավարությունից պահանջում եմ շտապ նախաձեռնել համաներման գործընթաց և այն ներկայացնել ԱԺ։ Դուք արդյունավետ ոչինչ չեք անում մեր տղաներին Բաքվի գերությունից հետ բերելու համար, այս մեկն ամբողջովին ձեր ձեռքում է, տեսնենք»,- հավելեց Հ. Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում