
Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է. տուժածներն անչափահասներ են

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։
Վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-մ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։