Եվրոպայի հետ պայմանավորվել են՝ «ում ասենք՝ «ռսի ագենտ ա», աչք փակեք, մենք այդ ձևով ընտրությունների հարցը կլուծենք». քաղաքագետ
Նիկոլ Փաշինյանը «քարտ-բլանշ» է ստացել Եվրամիությունից՝ ընտրություններին ընդառաջ Հայաստանում գործելու՝ ինչպես ուզում է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով «արտաքին միջամտության» դեմ պայքարում Հայաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մասին Եվրամիության հայտարարությունը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս, թե կոնկրետ ո՞ր երկրի «հիբրիդային հարձակումներին» դիմակայելու կամ «արտաքին միջամտության» դեմ պայքարելու նպատակով են օգնություն խնդրել Բրյուսելից, բայց բոլորն էլ ենթադրում են, որ խոսքը Ռուսաստանի մասին է՝ հաշվի առնելով Փաշինյանի վարչախմբի խիստ արևմտամետ քաղաքականությունը և Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունները։ Սակայն, եթե Ռուսաստանի կողմից իսկապես կան արտաքին միջամտության փորձեր, ապա իշխանությունները պետք է հստակ բացահայտեն դա կոնկրետ դրվագներով, ոչ թե դիմեն ԵՄ աջակցությանը։
Քաղաքագետը նկատում է, որ ԵՄ դիվանագիտական գերատեսչությունն իր այդ հնարավոր աջակցությունը ձևակերպում է Մոլդովայի ընտրությունների սցենարով՝ ռուսամետ ուժերին ընտրապայքարից ամեն գնով դուրս թողնելու հեռահար նպատակով, սակայն, թե ինչ «ռուսական ազդեցություն» կա Հայաստանում՝ դա էլ չի բացահայտվում։
«Եթե իշխանություններն իսկապես սուբյեկտիվ երկրի ղեկավարի դերում են հանդես գալիս, ապա ոչ թե պետք է գնան ու դիմեն Եվրամիությանը՝ ասելով, թե՝ «աջակցե՛ք, որ մեր ընտրություններին ինչ-որ արտաքին միջամտություն չլինի», այլ պետք է հստակ բացահայտեն, որ այս կամ այն դրվագներով կա միջամտություն, և փակեն այդ միջամտության ճանապարհները, այսինքն՝ վարվեն՝ որպես ինքնիշխան պետության ղեկավարներ։
Բայց ես ավելի քան համոզված եմ, որ ավելի կարևոր է, թե ինչքան գումար է տրամադրվում, այլ այն, որ Եվրոպան պետք է աչք փակի բոլոր այն գործողությունների վրա, որոնք տեղի են ունենալու Հայաստանում նախընտրական շրջանում, որոնք արդեն սկսել են տեղի ունենալ, և որոնց վրա Եվրոպան արդեն իսկ աչք է փակում»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Թե արդյո՞ք ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարած 12 մլն եվրո աջակցության հատկացումը Հայաստանին՝ «հիբրիդային հարձակումներին», «կիբեռհարձակումներին» և «ռուսական ապատեղեկատվությանը» դիմակայելու նպատակով, և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի դեկտեմբերի 15-ի հայտարարությունը Եվրամիության նույն ծրագրին են վերաբերում, առայժմ պարզ չէ, բայց բոլոր դեպքերում քաղաքագետն արձանագրում է, որ Եվրամիության կամ արևմտյան կառույցների կողմից «բարձր արժեքների» անվան տակ դուրս են գրվում մեծ գումարներ, որոնք օգտագործվում են ամենակեղտոտ նպատակներով։
Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «քարտ-բլանշ» է ստացել ընտրություններին ընդառաջ գործելու՝ ինչպես ուզում է.

«Եվրոպան արդեն իսկ աչք է փակում Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետապնդումների, ձերբակալությունների, նրանց նկատմամբ խուլիգանական հարձակումների բռնությունների, Եկեղեցու դեմ գործողությունների և այլ ապօրինությունների վրա, և ավելի քան համոզված եմ, որ, այսպես կոչված՝ Եվրոպայի հետ պայմանավորվածության հիմնական թեման ոչ թե գումարն է եղել, այլ այն, որ, իրենց բառապաշարով ասած՝ ում ասենք՝ «ռսի ագենտ ա», դուք աչք փակեք, մենք այդ ձևով ընտրությունների հարցը կլուծենք։
Այսինքն՝ թիրախավորված է ամբողջ ընդդիմադիր դաշտը, և Նիկոլ Փաշինյանը ստացել է «քարտ-բլանշ» գործելու՝ ինչպես ուզում է՝ վստահ լինելով, որ Եվրոպայից դրա համար իրեն ոչ մի քննադատություն, ոչ մի պահանջ չի լինելու, Եվրոպան այդ ընտրությունները ճանաչելու է ժողովրդավարական»։
Այսպիսով, Եվրամիության այս քաղաքականությունը կարելի է բնորոշել «աշխարհաքաղաքական շահերի առաջմղում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների անվան տակ» պարզ բանաձևով.
«Ինչ վերաբերում է հարցին՝ իրավունք ունե՞ն արդյոք Հայաստանի իշխանությունները նման խնդրանքով դիմելու ԵՄ-ին, իրավաբանորեն դա կարելի է ձևակերպել, Եվրոպան էլ մշտապես տարբեր ծրագրեր է իրականացրել վերջին 30 տարվա ընթացքում և ոչ միայն՝ Եվրամիության կողմից, այլև Արևմուտքի այլ երկրների, հատկապես՝ Միացյալ Նահանգների։
Այլ հարց է, որ այդ ծրագրերի անվան տակ այստեղ փաստացի ձևավորվել են ցանցեր, որոնք իբր թե պիտի նպաստեին ժողովրդավարության ամրապնդմանը։ Խնդիրն այն է, որ բարձր նպատակների և բարձր արժեքների տակ դուրս են գրվում մեծ գումարներ, որոնք հետո ծախսվում են ամենակեղտոտ ծրագրեր իրագործելու՝ քաղաքական հետապնդումներ իրականացնելու, ժողովրդի քվեն գողանալու, մարդկանց մոլորեցնելու և այլ նպատակներով»։
Մինչդեռ ավելի ակնհայտ է Թուրքիայի և Ադրբեջանի «հիբրիդային» ազդեցությունը Հայաստանի վրա։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է. «Կարծում եմ՝ ոչ ոք Հայաստանում կասկած չունի, թե իրականում որտեղից կա հիբրիդային ազդեցություն Հայաստանի և մեր ներքաղաքական գործընթացների վրա։ Դա Ադրբեջանն է և Թուրքիան։ Շատ հստակ է նրանց ազդեցությունը։ Մինչև անգամ Սահմանադրությունը փոխելու պահանջ են ներկայացնում, և Հայաստանի իշխանությունները գնում են այդ ճանապարհով։ Այս հիբրիդային ազդեցությանը պիտի դիմակայե՞ն Եվրամիության գումարներով։ Պարզ է, որ՝ ոչ։ Նպատակն ուրիշ է»։
Ավելի պարզ ասած՝ երբ նույն Թուրքիայից և Ադրբեջանից գալիս են ուղիղ սպառնալիքներ, օրինակ՝ «եթե չփոխեք Սահմանադրությունը, նոր պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի, ձեզ նորից կկոտորենք», և այլն, կամ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ՝ եթե այս կամ այն զիջումը չանենք կամ հրաժարվենք սահմանազատման գործընթացից, «շաբաթվա վերջին պատերազմ կլինի», ինչպես նա հայտարարեց 2024թ. մարտին Տավուշի Ոսկեպար գյուղում, դրանք էլ են «հիբրիդային պատերազմի» ձևեր։
«Ես Ձեզ հիբրիդային ազդեցության բազում օրինակներ բերեցի, բայց ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Պարզապես իրենք վաղը գալու են և ասեն՝ «Դուք, 168.am, ռուսի գործակալ եք։ Դուք ռուսական շահ եք սպասարկում, դուք փորձում եք ազդել մեր ընտրությունների վրա»։ Հետո էլ գնալու են, Եվրոպային ասեն՝ «Հիշո՞ւմ եք էն 15 մլն եվրոն, որ տվեցիք, 1 միլիոնը ծախսել ենք, բացահայտել ենք, որ Արամը և Հրանտը, 168.am-ի եթերում նստած, ռուսական շահ էին սպասարկում, ուզում էին ազդել մեր ընտրությունների վրա»։
Ամենասարսափելին այն է, որ ժողովրդավարական այն ինստիտուտները և երկրները, որոնց մենք հավատացել ենք՝ որպես արժեքների պահապանների և տարածողների, բոլորը մտել են այդ կեղտոտ գործի մեջ։ Տոտալ արժեզրկման պրոցես է ընթանում։
Վերջում հասնելու են նրան, որ «ժողովրդավարություն» ասվածն էլ բոլորի մոտ քմծիծաղ առաջացնի։ Օրինակ, «խուլիգանության» նույն հոդվածով ընդդիմադիր գործիչների ձերբակալում ու կալանավորում են, իսկ ընդդիմադիր գործիչների վրա կազմակերպված հարձակում իրականացրած խմբին ազատ են թողնում։ Միհրան Հակոբյանի, Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի մասին եմ խոսում։
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին մեղադրանք են առաջադրել «խուլիգանության» մասին հոդվածի 2-րդ մասով, որը կիրառել են տղաների նկատմամբ մեկ պարզ պատճառով՝ Նարեկ Սամսոնյանը եթերում օգտագործել է «հետույք» բառը… Ակնհայտ երևում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Եվ սրա անունը դրվելու է «ժողովրդավարություն»։
Նիկոլը վաղը գնալու է Բրյուսել, Կայա Կալասին ասելու է. «Տեսե՛ք, հիբրիդային պատերազմ էին տարածում Նարեկը և Վազգենը մեր հանրության մեջ, վատ բառեր էին օգտագործում, ասում էին՝ «հետույք», դա ազդեցություն էր ունենում հանրային տրամադրությունների վրա։ Մենք բացահայտել ենք, և հիմա իրենք կալանավորված են»։ Իսկ Միհրան Հակոբյանի վրա հարձակումն էլ ինչ-որ կերպ կփաթեթավորեն և կներկայացնեն «ժողովրդավարության» անվան տակ»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը նաև ցավով արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով Հայաստանը վաղուց է ներքաշվել «պրոքսի» պատերազմի մեջ՝ դառնալով Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կողմ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, թե 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «հայերը» օգնություն են խնդրել Եվրամիությունից. «Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»։
Ի պատասխան Կալասի հայտարարության՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ այս առնչությամբ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է «պրոքսի» պատերազմի մեջ՝ կատարելով պետական դավաճանություն։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
