«Ապստամբությունը, որն այս անձինք բարձրացրել են Մայր եկեղեցու դեմ՝ անհետևանք չի մնալու». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իսկական քաոս էր՝ կենտրոնացված էին հարյուրավոր ոստիկանական ուժեր, որոնք շրջափակել էին Մայր Տաճարը, «տիրադավ» անվանումը ստացած եպիսկոպոսների կոչով հավաքվել էին նաև այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր տեղեր են գնում՝ պատարագների մասնակցելու համար։

Ի տարբերություն այդ մարդկանց, որոնք գնացել էին Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու, Մայր Աթոռ էին գնացել նաև Առաքելական եկեղեցու հարյուրավոր հետևորդներ՝ մասնակցելու Մայր Տաճարում  մատուցվող երեկոյան ժամերգությանը, որը մատուցում էին Արագածոտնի թեմի հոգևորականները։

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել՝ մարդկանց կոչ անելով գնալ Էջմիածին՝ մասնակցելու Մայր Աթոռի «ազատագրմանը»։

Այս եպիսկոպոսների մեջ է նաև Արցախի թեմի առաջնորդը: Հարյուրավոր արցախահայեր նախ հայտարարեցին, որ նրան այլևս չեն ընկալում՝ որպես Արցախի թեմի հոգևոր առաջնորդ, ապա դիմել էին Վեհափառ հայրապետին՝ խնդրելով, որպեսզի կաթողիկոսն իր դիրքորոշումն արտահայտի Վրթանես սրբազանի պահվածքի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ Վրթանես սրբազանը ոչ միայն հեռացվելու է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից, այլև ժամանակի ընթացքում կարգալույծ է հռչակվելու։

«Այն ապստամբությունը, որն այս անձինք բարձրացրել են իրենց Մայր եկեղեցու դեմ՝ անհետևանք չի մնալու, սա միանշանակ է։ Մյուս կողմից՝ ինքս լավ հասկանում եմ, որ Վեհափառ հայրապետը խնդիրներին ավելի գլոբալ է նայում, այսինքն՝ հարձակումը եկեղեցու վրա մեկ ուղղությամբ չէ, որ հենց այդ ուղղությամբ հարցը լուծի։ Վեհափառը փորձում է ընդհանուր հավասարակշռությունը պահելով՝ այնպես աշխատել, որ արդյունավետությունն առավելագույնը լինի։ Համոզված եմ նաև, որ արցախահայերի դիրքորոշումը, մոտեցումը եկեղեցու կողմից լսելի է լինելու և հետագա որոշման վրա իր ազդեցությունն անպայման ունենալու է»,- 168.am հետ զրույցում նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետն այս համատեքստում մատնանշեց մեկ կարևոր հանգամանք՝ շեշտելով՝ եկեղեցին ինքն է իր հոտին առաջ տանում, այսինքն՝ եկեղեցին հոտի պահանջով չի շարժվում։

«Եկեղեցին իր առաջնահերթություններն ունի և առաջնորդվելու է դրանցով՝ ի շահ իր հավատավոր ժողովրդի։ Դրա համար արցախահայերի կարծիքը հաշվի կառնի, բայց չի լինի վճռորոշ։ Կարծում եմ, որ այդ որոշումն արդեն եկեղեցում կայացրել են, ուղղակի ժամանակի ու տարբեր ռիսկերի խնդիրն է։ Այս ամենն այս պահին հաշվի են առնում ու որոշումները դրանով են կայացնում։

Եթե Արցախի թեմի առաջնորդը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, դա նշանակում է, որ Հուդայի օրինակով նա նախընտրել է ծառայել չարիքին՝ ուրանալով իր հայրենիքը և այն փաստը, որ այդ անձը դավաճանել է Արցախին ու արցախահայերին, դառնալով հարյուրավոր եկեղեցիների կորստի պատճառ։ Փաստորեն Արցախի թեմի առաջնորդն այս ամենը ներել է Փաշինյանին ու գնացել է նրա հետ գործարքի, ըստ իս, այս քայլը որևէ արդարացում չունի»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության քաղհասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են  Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Նամակում ՀԿ ներկայացուցիչներն անընդունելի են համարել, որ Արցախի թեմի առաջնորդը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։

«Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախը իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացի միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։

Ձերդ Սրբությանը խնդրում ենք ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն»,- նշված է հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս