
Կգնանք իրավական ճանապարհով․ այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չի ստացել․ Սամվել Շահրամանյան
Եռաբլուրում, Արցախի անկախության օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ «Հայոց պատմության» դասագրքում ներկայացված այն պնդմանը, ըստ որի՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրել է հենց նա, և այդ ձևով նշվում է, թե Արցախի հանձնումն իրականացրել է Շահրամանյանը։
«Իմ փաստաբան Ռոման Երիցյանը անդրադարձել է այս հարցին, և մենք կգնանք իրավական ճանապարհով։ Այդ հարցին կտրվի իրավական գնահատական»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք նա հիմա հերքո՞ւմ է այն տեղեկությունը, որ հրապարակվել էր Արցախի տեղեկատվական շտաբի կողմից՝ ըստ որի փաստաթուղթը ստորագրել է ինքն, Շահրամանյանը պատասխանեց․
«Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովենք արցախցիների անվտանգ դուրսբերումը շրջափակումից։ Դուրս են բերվել ավելի քան 10 000 ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց նախարարներով, ղեկավարներով։ Փորձել ենք ապահովել անվտանգ դուրսբերումը»,– ասաց նա։
ԱՀ նախագահի խոսքով՝ այդ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չի ստացել։
«Շահարկումներից խուսափելու համար մենք տեղահանությունից հետո այն անվավեր ենք ճանաչել։ Եթե որևէ մեկը համարում է, որ գոյություն ունի նման փաստաթուղթ, նույն մարդը պետք է հաշվի առնի նաև այն փաստաթուղթը, որով այն անվավեր է ճանաչվել։ Մեր համար այդ թեման փակ է․ ով ուզում է՝ կտեսնի Արցախը, ով չի ուզում՝ կփնտրի պատճառներ, այդ թվում նաև նման փաստաթղթերից կառչելով»,– ասաց Շահրամանյանը։