Արցախ հավաքական վերադարձի համար պետք է պայքարել․ ոչ մի իշխանություն հավերժ չէ․ Լարիսա Ալավերդյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 87 կոնգրեսականներ նախօրեին նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով աջակցել հայերի վերադարձին Արցախ։ Նամակը կազմվել է և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Congressional Armenian Caucus) համանախագահներ Ֆրենկ Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Բրեդ Շերմանի և Դեյվիդ Վալադաոյի ղեկավարությամբ:

Կոնգրեսականները կոչ են արել Թրամփի վարչակազմին աջակցել այն նախաձեռնությանը, որն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից և նախատեսում է միջազգային բանակցային հարթակի ստեղծում՝ միջազգային երաշխիքների ներքո հայերի անվտանգ վերադարձի համար:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որ Արցախի համար պայքարը սկսել է դեռ 1980-ականներից և այսօր էլ չի դադարում պայքարել՝ արդեն հավաքական վերադարձի համար, 168am-ի հետ զրույցում նշեց՝ ոչ միայն հավատում է դեպի Արցախ հավաքական վերադարձին, այլև ամեն օր պայքարում դրա համար․

«Արցախցիների վերադարձի քաղաքական պահանջը պետք է պահենք շատ ակտիվ։ Դա երկարատև պրոցես է՝ ինչո՞ւ, որովհետև, ինչպես ասում են՝ այս ապաշնորհ իշխանության ու մեր պասիվության պատճառով, արդեն իսկ շատ հնարավորություններ ենք բաց թողել մեր ձեռքից։ Բայց ես այլ կերպ չեմ պատկերացնում, քան պայքարելը»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները ոչ թե բավարար ջանք չեն թափում այդ ուղղությամբ, այլև ջանքեր են թափում այդ հարցը փակելու համար։

«Նրանք ջանք են թափում հակառակ ուղղությամբ, բայց ոչ մի իշխանություն հավերժ չէ, այդքան բան։ Ուղղակի, մենք ինքներս մեզ պետք է հավաքենք»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահին ուղղված իրենց նամակում կոնգրեսականները կոչ են արել նաև չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովել բռնի տեղահանված հայերի արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային իրավունքի համաձայն, տարածաշրջանում արդար և տևական խաղաղություն հաստատելու համար: Նամակում նշվել է 2023 թվականին Ադրբեջանի կողմից շրջափակման և Արցախի վրա զինված հարձակման հետևանքները, ինչպես նաև հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների ոչնչացման Բաքվի համակարգված գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական սեփականության և ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը՝ մարդկանց վերադարձը խոչընդոտելու նպատակով:

Հիշեցվել է 2023 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։

Ի դեպ, Երևանի Ազատության հրապարակում արցախյան օրակարգով նախաձեռնված 2 հանրահավաքներում էլ շեշտվել է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղման թեման։

Տեսանյութեր

Լրահոս