
Առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք է․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անցած շաբաթ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը թողեց պաշտոնը՝ պաթոսով հարուստ մի տեքստով. «Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությունն ամենաշահագործվածն է ՔՊ պաշտոնյաների կողմից, եթե անգամ նրանց գործողությունները որևէ աղերս չունեն պետական օրակարգի հետ:
Այս իրավիճակը ես անընդհատ նմանեցնում եմ դատական ակտերի հետ, երբ դատավորները «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերով հերթական վճիռն են կայացնում արդարադատության դեմ:
Ինչքան հասկացանք, Ռոմանոս Պետրոսյանի նոր «առաքելությունը» լինելու է ՀԷՑ-ի պետականացումը, մի գործընթաց, որն ուղեկցվում է սահմանադրական խախտումներով, ինչն առաքելություն կոչելը, մեղմ ասած, խնդրահարույց է:
ՀԾԿՀ-ն, այնուամենայնիվ, Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:
Պետրոսյանը ոլորտի մասնագետ չէ, նա Փաշինյանի թիմի առանցքային ներկայացուցիչ է, ՔՊ վարչության անդամ:
Հենց այստեղ էլ խնդիրներ են առաջանում:
Եթե նույնիսկ իրավական նորմերը ֆորմալ առումով պահպանված են, քաղաքական շահերի բախման և շահերի կոնֆլիկտի տեսանկյունից ՀԾԿՀ-ի գործողությունն ընկալվում է որպես քաղաքական միջամտություն:
Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը չունի քաղաքական չեզոքության բավարար ռեպուտացիոն երաշխիքներ, ինչը խորացնում է հանրային անվստահությունը գործընթացի նկատմամբ։
Հանրային ընկալման դաշտում որոշումը դիտարկվում է որպես իշխանության կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողության վերցնելու փորձ, այլ ոչ թե օրինական կարգավորման միջոց։
Առնվազ տպավորություն է առաջանում, որ գործընթացի նպատակը սեփականատիրոջից կառավարման լծակների հեռացումն է:
Չմոռանանք՝ առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք է»: