Ավելի լավ է՝ հենց այս օրվանից պատրաստվենք դիմադրության. միջանցք չպետք է տալ. Արմեն Մանվելյան

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո տարածված առաջին տեսանյութից պարզ երևում է, թե ինչպես է բանակցությունների սենյակից Փաշինյանը դուրս գալիս գլխիկոր և նյարդային։

Ավելի ուշ հանդիպման վերաբերյալ որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում՝ հարցին՝ Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության, պատասխանել է.

«Այո: Եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել»։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը, խոսելով Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհի վերահսկողությունն այլ ընկերության տալու պայմանավորվածության մասին, նշեց՝ ինչպես ադրբեջանական կողմը, այնպես էլ ամերիկյան և թուրքական կողմերը եկել են որոշման, որ այդ ճանապարհը պետք է ունենա ստատուս, իսկ ցանկացած ստատուս նշանակում է, որ այն չի լինելու Հայատսնի տիրապետության տակ։

«Եթե դու չես վերահսկում այդ ճանապարհով անցնող մեքենաների մուտքն ու ելքը, դա նշանակում է, որ այդ ճանապարհը քոնը չէ, դու ինքուրույն պետություն չես։ Սա տանում է Հայաստանի՝ թուրքական վիլեայեթի վերածման, որտեղ ղեկավար էլ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի սիրելի գործիչ Փաշինյանը։ Ուշագրավն այն է, որ թուրք-ադրբեջանական կողմը այս հարցում կարողացել է համոզել ամերիկյան կողմին»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն այդքանից հետո անգամ չի ցանկանում տալ Հայաստանին որևէ փաստատթուղթ, որով Հայաստանը կունենա կարգավիճակ։

«Ալիևի նպատակն է, որ Հայաստանը հայտնվի այնպիսի վիճակում, որ անգամ Փաշինյանից հետո մնա ստորացած և նվաստացած վիճակում. Ավելի լավ է՝ հենց այս օրվանից պատրաստվենք դիմադրության. միջանցք չպետք է տալ»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս