«Սիվիլնեթը» սխալվում է. ermenihaber.am

ermenihaber.am-ը գրում է. CivilNet կայքի CivilNetCheck հարթակը հրապարակել է մի հոդված, որտեղ թիրախավորել է Ermenihaber.am-ին։ Իրեն թույլ է տվել բացասական որակում տալ և Անիի Մայր տաճարի մասին մեր լրատվությունն անվանել «մոլորեցնող»։

Ելնելով լրագրողական սոլիդարության հարգված սկզբունքներից՝ մենք արձագանքում են զուտ պատասխան դիտարկումներով՝ առանց անվանարկելու մեր գործընկերոջ բարի համբավը։ Այսպես ուրեմն

Օրերս Ermenihaber.am-ը, հիմնվելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկատվության վրա, թարգմանել և հայկական լսարանի ուշադրությանն էր հանձնել Անիի Մայր տաճարի թեմայով մի հոդված։ Թեման այն էր, որ նախկինում մզկիթի վերածված Անիի Մայր տաճարում հիմա ընթանում է փուլային վերանորոգման շինարարություն, որից հետո այն կվերաբացվի։

Դրանից հետո CivilNet-ը հրապարակել է «Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Անիի Մայր տաճարի՝ մզկիթի վերածման պնդումները» վերտառությամբ հոդված։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերոնշյալ լրատվամիջոցը պարզել է, որ «տաճարի վերականգնումը չի նշանակում կրոնական գործառույթի փոփոխություն»։ Նաև պարզել էր, որ «պաշտոնական փաստաթղթերը հերքում են մզկիթի վերածման պնդումները»։

Մենք, իհարկե, գնահատում ենք մեր գործընկերոջ հետազոտական ջանքերը և ցանկանում կիսել նրա ռացիոնալ լավատեսությունը, բայց հիմա խնդրո առարկան բնավ դա չէ։ Այլ այն, թե ինչպիսի տարաձայնություն, իսկ եթե կուզեք՝ տարընթերցում կա Anadolu-ի լրատվական տեքստն ընթերցելու և ընկալելու հարցում։

Մեզ համար վիճելի չեն CivilNet-ի ուսումնասիրությունների նախնական արդյունքները։ Պարզաբանում ենք, որ հետազոտական հոդվածն այլ բնույթի աշխատանք է, իսկ թարգմանված և ներկայացված նյութը՝ բոլորվին այլ։ Եթե առաջինը լրացուցիչ տեղեկություններ է ձեռք բերում, դա ընդամենը պիտի լինի ի շահ լսարանի, այլ ոչ թե դառնա առիթ հակադրվելու այն լրատվամիջոցին, որը թարգմանել և փոխանցել է միմիայն սկզբնաղբյուր տեքստի շրջանակներում առկա ինֆորմացիան։

Այս համատեքստում մեկ առ մեկ կանդրադառնանք CivilNet-ի սխալներին։

Սխալ № 1

Եթե Թուրքիայի պետական թիվ 1 լրատվամիջոցն Անիի հնավայրի պեղումների ղեկավարի միջոցով հայտնում է, որ վերանորոգումից հետո մզկիթը վերաբացվելու է այցելուների առաջ, դա ոչ թե պնդում է, այլ՝ իրողություն։ Առնվազն սկզբնաղբյուր տեքստի շրջանակներում։

Թե չէ «պնդում» բառի թուրքերեն համարժեքը «iddia» բառն է, որի կիրառման պրակտիկ փորձը թուրքական մամուլը վաղուց ունի։ Եվ եթե դա լիներ պնդում, Anadolu-ն վստահաբար հենց ինքը կգրեր այդպես։ Չէր սպասի, որ իր փոխարեն դա աներ CivilNetChek-ը։

Ահա մի օրինակ, թե ինչպես է Anadolu-ն հրապարակում մի լուր, որն ինքը համարում է պնդում։

Սխալ № 2


CivilNet-ը գրում է, որ լուրի սկզբնաղբյուրը Ermenihaber.am կայքն է, որից էլ արտատպել են տասնյակ հայկական լրատվամիջոցներ։ Մինչդեռ իրականում այդպես չէ։ Մեր հրապարակումից դեռ մեկ օր առաջ՝ հունիս 3-ին, հարգարժան գործընկեր Factor.am-ն արդեն հայտնել էր այդ մասին։ Հետևաբար Ermenihaber-ը սկզբունքորեն չէր կարող լինել սկզբնաղբյուր։ Բայց մենք չենք շտապել CivilNet-ի տված այդ ձևակերպումն անվանել «մոլորեցնող կամ ապակողմնորոշող»։

Մենք բավարարվում ենք այնքանով, որքանով դեպքերի ժամանակագրությունը դիտարկում ենք ժամանակի հաշվարկի միջազգային ստանդարտով՝ Գրիգորյան օրացույցով:

Սխալ № 3

CivilNet-ը բառացի գրել է հետևյալը. «Anadolu-ի հոդվածում որևէ նշում չկա, թե տաճարը կրկին կգործի որպես մզկիթ։ Նյութում հստակ ասվում է, որ շինությունը վերանորոգումից հետո «կբացվի այցելուների համար»։

Ոչ միայն բառացի, այլ նաև տառացի 2 անգամ Anadolu-ն նշել է, որ վերանորոգման աշխատանքներից հետո կվերաբացվի մզկիթը (cami)։ Կրկնում ենք՝ 2 անգամ։

Փաստորեն հնարավոր չէր տեսնել վերոնշյալ 2 հիշատակումը, բայց հնարավոր էր տեսնել Anadolu-ի հոդվածի վերջին նախադասության վերջին տողը, որտեղ իրոք բացակայում է մզկիթ բառը և ուղղակի գրված է, որ առաջիկայում կբացվի այցելությունների համար։

Տեքստի նկատմամբ նման խտրական և ընտրովի մոտեցումը, մեղմ ասած, չենք ողջունում։

Սխալ № 4

CivilNet-ը գրում է, որ թուրքական այլ հայտնի՝ Daily Sabah և Turkiye Today լրատվական կայքերը ևս գրել են, որ վերանորոգումից հետո կառույցը զուտ կբացվի այցելությունների համար՝ առանց նշելու մզկիթ բառը։

Առանց մոլորվելու կարելի է բացել այդ երկու կայքերի համապատասխան էջերը և տեսնել, որ երկուսի տեքստերում էլ գրված է, որ մզկիթը (mosque) կբացվի մշակութային այցելությունների համար։

Սխալ № 5

CivilNet-ն օրինակ է բերում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս և Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցիների վերանորոգվելը՝ հիմնավորելու համար այն թեզը, որ վերականգնումը չի նշանակում կրոնական գործառույթի փոփոխում։

Իհարկե, պարտադիր չէ, որ ամեն մի վերանորոգում ավարտվի մզկիթ դառնալով։ Բայց Անիի Մայր տաճարի կոնտեքստում ի սկզբանե սխալ էր նման համեմատություն անելը, քանի որ համեմատության հիմքն արդեն իսկ սխալ է։ Համեմատության հիմքը այն ընդհանուր հատկանիշն է, հիմնական կետը, որը թույլ է տալիս համեմատել երկու կամ ավելի օբյեկտներ: Սուրբ Կիրակոս և Սուրբ Խաչ եկեղեցիները մի կողմից, իսկ մյուս կողմից Անիի Մայր տաճարը բացարձակապես չունեն համեմատության «հիմնական կետ», քանի որ առաջին երկուսը վերածված չեն եղել մզկիթի՝ ի տարբերություն Անիի Մայր տաճարի։ Այդ ահռելի տրամաբանական տարբերությունը չնկատելը դեմ է վերլուծական մտածողության օրենքներին։

Եթե բերվեր այնպիսի օրինակ, որ նախկինում մզկիթի վերածված եկեղեցին վերանորոգումից հետո գործել է ոչ իբրև իսլամական աղոթավայր, մենք շնորհակալաբար դա կընդունեինք ի գիտություն։

Սխալ № 6

CivilNet-ի հոդվածագիրն այսպիսի եզրափակիչ դատողություն է անում. «Հայկական լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունները փաստացի հիմնված են բացառապես թուրքական մամուլի՝ տաճարը մզկիթ անվանելու վրա»։

Այստեղ ստիպված ենք կարճ քերականական էքսկուրս անել։ Գոյականը խոսքի մաս է։ Կան հատուկ և հասարակ գոյականներ։ Անիի Մայր տաճարը, թուրքերը դարեդար անվանել են «Fethiye Camii» (Նվաճման մզկիթ), ինչը հատուկ գոյական է։

Եվ կա «cami» բառը (մզկիթ), որը հասարակ գոյական է։ Իսկ դեռ դպրոցից գիտենք, որ միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անվանումը կոչվում է հասարակ գոյական կամ հասարակ անուն, ինչպես օրինակ՝ եկեղեցի, մզկիթ և այլն։

Հետևաբար եթե թուրքական պետական լրատվամիջոցը գրած լիներ, որ վերանորոգումից հետո Fethiye Camii անունով կառույցը կբացվի այցելուների համար, դա կարող էր բազմանշանակ ընկալվել, կբացվի իբրև մզկի՞թ, թանգարա՞ն, թե՞ մեկ այլ բան։

Բայց թուրքական սկզբնաղբյուրը և մյուս թուրքական կայքերը բառացի գրել են, որ վերանորոգման աշխատանքներից հետո կվերաբացվի մզկիթը (այսինքն հասարակ գոյական)։

Մզկիթ բառը գոնե մեզ համար երկիմաստ չէ։ Ողջամիտ հիմք կա կարծելու, որ կարդացված «մզկիթ» բառը պետք է հասկանալ հենց որպես մզկիթ։ Մանավանդ որ չկա ոչ մի ստույգ նշում այն մասին, թե վերանորոգումից հետո մզկիթը գործելու է այլ կագավիճակով։

Օրինակ եթե մի օր մի տեղ կարդանք, որ վերանորոգումից հետո մշակույթի տունը կվերաբացվի, մեր մտքով չի անցնի, որ վերանորոգումից հետո այն կբացվի ոչ թե որպես մշակույթի տուն, այլ ասենք խաղատուն կամ գերեզմանատուն։

Այդուհանդերձ եթե, ըստ CivilNet-ի, կան մոլորեցնող տարրեր առկա ձևակերպումների մեջ, ապա քննադատության սլաքը պիտի ուղղվեր սկզբնաղբյուր տեքստի հեղինակ Anadolu-ին։ Ermenihaber-ն ընդամենը փոխանցել էր Anadolu-ի հայտնած տեղեկությունը։

Հ.Գ. Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Իսկ թե վերանորոգումից հետո Անիի Մայր տաճարն ինչ կարգավիճակով կգործի, քնել-զարթնելուց հետո ինչ կորոշեն սահմանի այն կողմում, դա արդեն կերևա հետո ու մենք կլուսաբանենք հետո։

Հեղինակ` Գլխավոր խմբագիր ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս