Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի հաղթանակը

Հուլիսի 8-ին, վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել. «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:

Կարո՞ղ ենք ասել, որ սա որոշակի առումով նախազգուշացում է Մայր Աթոռի դեմ հերթական, թերևս, արդեն մշակվող կամ մշակված գործողությունների: Հնարավոր է: Ի դեպ, ՀՀ ներքաղաքական զարգացումներին հետևող և Նիկոլ Փաշինյանին «բալետ անող» Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցները գրել են, թե այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող՝ թիրախն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն է, հաջորդը նրա հետևից են գնալու ԱԱԾ-ն կամ ոստիկանները:

Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած տելեգրամյան ալիքը նույնիսկ հարցում է կազմակերպել՝ պարզելու, թե «արդյո՞ք ազգությամբ ոչ հայերին հետաքրքրում է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի և պրոռուսական հոգևորականների միջև կոնֆլիկտը»:

Կարդացեք նաև

Հարցման տակ ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները, բնականաբար, հօգուտ Փաշինյանի են, քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին համարում են «ահաբեկչական և ռևանշիստական կազմակերպություն» (այդպես հայ Եկեղեցուն և Վեհափառին անվանել էր նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն), մյուս կողմից, նույնիսկ նրանց համար է զավեշտալի և անհասկանալի Փաշինյանի ձևակերպումը, թե «առաջնորդելու է Մայր աթոռի ազատագրումը»:

Սա, իրականում, ողբերգություն է, քանի որ վնասում և վտանգում է Հայաստանի Հանրապետության վարկանիշը, և մենք ցավով ենք այս ամենն արձանագրում, գիտակից մարդկանց դեպքում այլ տեսակետ չի կարող լինել: Չես կարող ուրախանալ երկրիդ ձախողմամբ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Իսկ ադրբեջանական day.az-ն իր հոդվածում, մասնավորապես, նկատել է.

«Էջմիածինը ոչ միայն ստանձնել է հոգևորականների պաշտպանությունը, այլ նաև բարերար Սամվել Կարապետյանի: Եվ Գալստանյանի և Աջապահյանի կալանավորումը եկեղեցին անօրինական է համարում»:

Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցն ընդունում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսանում է հայկակական ինքնության և պետականության հիմնասյունը՝ «ցավոք սրտի, դա ճիշտ է»:

Ադրբեջանական հոդվածագիրը զգուշացրել է.

«Մենք չենք թաքցնի, որ Ադրբեջանին ձեռնտու է Փաշինյանի հաղթանակը: Եթե Եկեղեցուն հաջողվի հասարակության միջոցով «ջախջախել» նրան, դա կնշանակի՝ «ռևանշիստական ուժերի» իշխանության գալ, հետևաբար՝ տարածաշրջանում հերթական անգամ անկայունություն է լինելու: Չենք թաքցնի նաև, որ նման սպառնալիքների առաջացման դեպքում Ադրբեջանը պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դետալների մեջ հիմա չենք մտնի: Միայն կասենք, որ Բաքուն չի պատրաստվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ խոսել, դա արդեն մեր պատմության մեջ անցած էտապ է»:

Այսինքն, Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած քայլով փորձելու են ՀՀ-ում իշխանության պահել Նիկոլ Փաշինյանին, և ինքն էլ դրանից օգտվել ու օգտվելու է:

Ի դեպ, նույնիսկ ադրբեջանական կողմում են ընդունում, որ որքան էլ իրենց ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, այնուամենայնիվ, այն խախտում է ՀՀ սահմանադրության պահանջը՝ պետությունը կամ քաղաքական ղեկավարությունն իրավունք չունի միջամտելու կամ խառնվելու եկեղեցու ներքին գործերին:

«Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու ճանապարհով, և շատ հնարավոր է, որ ՀՀ ղեկավարությունը կփորձի դրան գնալ սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների համատեքստում վերանայվելու են եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները»,- գրել է day.az-ը:

Թե ինչ տեսք կստանան եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, կամ՝ եկեղեցու կարգավիճակը մշակման փուլում գտնվող նոր սահմանադրության մեջ, դեռ կիմանանք:

Տեսանյութեր

Լրահոս