
Վերջին հրաժեշտը Երրորդ Հանրապետությանը․ կանխելու համար մնացել են հաշված ամիսներ

Հուլիս 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակը:
Իշխանություններն այս տարի այն նշելու են մեծ շուքով: Ոչ թե՝ որպես պետության հիմնադիր ու հիմնարար փաստաթղթի ընդունման նվիրական տոն, այլ՝ որպես ցուցադրական միջոցառում, որը վստահաբար օգտագործվելու է Հայաստանի պետականությունը և, բնականաբար, գործող Սահմանադրությունը նսեմացնելու ու «սխալ հանելու» համար: Իրականում երկու օր հետո մեծ հանդիսավորությամբ նշվելիք միջոցառումը բովանդակային իմաստով լինելու է ոչ թե ՀՀ Սահմանադրության ընդունման տոն, այլ՝ դրա հիշատակի երեկո:
Արդեն իսկ հայտարարվել է, որ հաջորդ տարվա ընտրություններից հետո ՀՀ Սահմանադրությունը փոխվելու է: Փոխվելու է ոչ թե այն պատճառով, որ չի լուծում պետության առջև ծագող խնդիրները, այլ՝ որովհետև այդպես է պահանջում Ադրբեջանը: Իսկ Հայաստանի իշխանության համար օրենք է ոչ թե Սահմանադրությունը, այլ Ադրբեջանի պահանջը: Հայաստանի գործող Սահմանադրությունը, որ ընդունվել է 1995 թվականին և երկու անգամ փոփոխությունների է ենթարկվել, իր բոլոր թերություններով հանդերձ, դիմակայել է անցած երեսուն տարիներին պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:
Բայց իշխանության խնդիրը սահմանադրական կարգավորումների արդյունավետությունը չէ, նրանք սահմանադրությունը չեն փոխելու այն պատճառով, որ այն չի առաջարկում համարժեք կարգավորումներ: ՀՀ Սահմանադրությունը ժողովրդավարական, բայց միևնույն ժամանակ՝ ազգային պետության հիմնարար փաստաթուղթ է, որում պահպանելով ժամանակակից դեմոկրատական բոլոր սկզբունքները, միևնույն ժամանակ ընդգծվում է հայկական ինքնությունը, հայ ժողովրդի հոգևոր արժեքներն ու համազգային իղձերը, որոնք հնարավոր լավագույն ձևակերպմամբ տեղ են գտել Սահմանադրության հիմք հանդիսացող Անկախության հռչակագրում:
Բոլոր այդ հատկանիշներով ՀՀ գործող Սահմանադրությունն իշխող վարչախմբի, Նիկոլ Փաշինյանի անձնական թշնամին է, որը խոչընդոտում է «Իրական Հայաստանի» (իսկ ավելի ստույգ՝ Ալիևի ասած «Արևմտյան Ադրբեջանի») ցնդաբանության ամբողջական իրականացմանը: Հետևաբար՝ հուլիսի 5-ին կայանալիք բոլոր պաշտոնական միջոցառումները լինելու են կեղծավորության ու երեսպաշտության լկտի ցուցք, որովհետև իշխանությունը հարկատուների միջոցներով նշելու է տոն, որը պատրաստվում է վերածել տարելիցի:
Բայց սահմանադրական երեսպաշտությունը դրանով չի սահմանափակվում:
Նիկոլ Փաշինյանը՝ անցած յոթ տարիներին բազմաթիվ անգամ ամենալկտի կերպով ոտնահարելով Սահմանադրությունը՝ միևնույն ժամանակ կառչում է դրանից սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Վերջին ամենաթարմ օրինակը Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող նողկալի արշավն է, որն ինքնին Սահմանադրության կոպտագույն խախտում է՝ եկեղեցին անջատ է պետությունից:
Բայց կոխրճելով Սահմանադրությունը, Փաշինյանը միևնույն ժամանակ հոգևորականներին բանտերն է լցրել՝ «սահմանադրական կարգը տապալելու» շինծու մեղադրանքով: Այն նույն սահմանադրական կարգը, որի տապալմամբ ինքը եկել է իշխանության և որն անհաշվելի անգամ տապալել է այդ իշխանությունը պահպանելու ճանապարհին: Գործող իշխանության պահպանման պարագայում 2025 թ․ հուլիսի 5-ը լինելու է Սահմանադրության ընդունման վերջին տոնակատարությունը՝ խորհրդանշելով Հայաստանի Երրորդ Հանրապետության վախճանը: Դա թույլ չտալու համար մնացել է անպատկերացնելի քիչ ժամանակ:
Հարություն Ավետիսյան