
Թուրքիան ՄԻԵԴ-ում կայացված իրավախախտումների վերաբերյալ որոշումների թվով երրորդն է

Միջազգային զեկույցների տվյալներով՝ Թուրքիան իրավունքի գերակայության ոլորտում 142 երկրների շարքում զբաղեցնում է 117-րդ հորիզոնականը։ Այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է նույն խմբում, ինչպիսիք են Անգոլան, Նիգերը և Գվատեմալան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից հրապարակված վիճակագրությունը մեկ անգամ ևս բացահայտում է Թուրքիայի դատական համակարգի ներկայիս վիճակը։
Ինչպես հայտնում է «BirGün» թերթի լրագրող Մուստաֆա Բիլդիրջինը, 2024-ի վերջի դրությամբ ՄԻԵԴ ներկայացված բողոքների ընդհանուր թիվը, որոնք վերաբերում են Եվրոպայի 47 երկրներին, հասել է 60.350-ի։ Նշվում է, որ Թուրքիայի դեմ ներկայացված բողոքների թիվը կազմում է բոլոր դիմումների 36 տոկոսը: Թուրքիան առանձնացել է որպես ամենաշատ դիմումներ ստացած երկիր՝ դեռևս չլուծված և քննության փուլում գտնվող 21.600 դիմումով:
ՄԻԵԴ-ի կողմից արձանագրած իրավախախտումների քանակը, ըստ Թուրքիայի վերաբերյալ որոշումների, ամենաշատը եղել է 2009 թվականին։ Այդ տարի ՄԻԵԴ-ը արձանագրել է 341 իրավախախտում։
Ընդհանուր առմամբ, Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի իշխանության ժամանակաշրջանում՝ 2002-ից մինչև 2024 թվականը, Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։