
Զուտ մեկ մարդու կամ նրան սպասարկող խմբի իշխանությունը երկարաձգելու, նրանց կարճաժամկետ հոգեբանական բավարարվածության համար չափազանց ծանր դրամական բեռ են դրել հասարակության վրա. Սիմոնյան

Իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը ժամանակակից գրեթե բոլոր կապիտալիստական տնտեսությունների առաջնահերթությունն է՝ այդ ամենն հասկանալի և կանխատեսելի իրավական մեխանիզմներով պաշտպանելու հետ միասին։
Ներդրումը և ընդհանրապես՝ փողը, շատ զգայուն են քաղաքական միջավայրի նկատմամբ, քանի որ անձերով պայմանավորված և ինստիտուտների բացակայությամբ սնվող քաղաքական անկայունությունը եկամուտների ապահովման երկարաժամկետ ծրագրերը ոչնչացնող հիմնական գործոններն են։
Մենք արդեն իսկ՝ վերջին տաս տարվա ընթացքում, հասցրել ենք միայն Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) ունենալ ընդդեմ Հայաստանի 5 խոշոր պահանջներով գործեր՝ https://icsid.worldbank.org/search?search=Armenia… ՝ չհաշված այլ միջազգային արբիտրաժեներում գործերը։ Ի դեպ նման առաջին գործն էլ մեր գրասենյակն էր նախաձեռնել հեռավոր 2015-2016թթ-ին։
Զուտ ծանոթության համար նշեմ, որ որևէ պետություն, որ դիմել է ազգայնացման գործիքի, երկարաժամկետ հատվածում չի շահել իր տնտեսության համար, եթե իհարկե չհաշվենք օրվա քաղաքական իշխանության կարճաժամկետ «հաղթանակը», ինչը չափազանց թանկ է նստել հաջորդ իշխանությունների և հարկատուների վրա, որովհետև նման գործողությունների ֆինանսական բեռն ընկել է այդ գործողություններից 5-10 տարի հետո հարկ վճարող մարդկանց ուսերին։
Եվ սա միայն ներդրումները չպաշտպանելու հետևանքով պատճառված վնասին է վերաբերում։ Կա նաև ուղղակի փոխհատուցման հարց, որ ազգայնացման պահին պետք է արվի՝ բնականաբար ոչ թե քաղաքական իշխանության գործիչների, այլ հարկատուի հաշվին։
Նման գործերի պակաս չկա՝ ConocoPhillips v. Venezuela (ICSID Case No. ARB/07/30), Crystallex v. Venezuela – ICSID Case No. ARB(AF)/11/2) – Mining Nationalization, Argentina Crisis Cases (CMS Transmission Company v. Argentina and LG&E Corp v. Argentina) և այլն։
Ուստի հերթական անգամ պետք չէ կրկնել նույն սխալներն, ինչն այլոք արել են և կրել զգալի վնասներ՝ ի դեմս ներդրումների կտրուկ անկման ու տնտեսության փոքրացման՝ չհասնելով որևէ շոշափելի դրական արդյունքի։
Միայն զուտ մեկ մարդու կամ նրան սպասարկող խմբի իշխանությունը երկարաձգելու, նրանց կարճաժամկետ հոգեբանական բավարարվածության համար չափազանց ծանր դրամական բեռ են դրել մի ամբողջ հասարակության վրա՝ բարձրացող հարկերի տեսքով։
Ի դեպ, հարկերի շարունակական բարձրացումը պիտի որ արդեն զգացած լինեք…»։