Նեկրոֆիլ է կոչվում իշխանության այն ձևը, երբ արժեքաշահային համակարգի սկզբունքները շահարկվում են՝ բեմադրելով շարունակական բարեփոխումներ. Մարիամ Մարգարյան

Աշխարհի «հզոր» երկրների էլիտաները պայքարում են դերիշխանության համար:

Այստեղից էլ պատերազմներ և խաղեր՝ ընդդեմ «փոքր» երկրների «խելացի» ուժ համարվող գաղափարակիր էլիտաների և ժողուրդների, որոնք համառորեն ՏԵՐ են և ՀԱՎԱՏՈՒՄ են իրենք ինքնությանը՝ հայրենիք ու պետություն ունենալու իրավունքին:

Այսօրվա պատերազմական իրադարձությունները կցանկանայի մեկնաբանել քաղաքական գիտության տիրույթում:

Ըստ էլիտայի տեսության մշակութա-քաղաքակրթական դպրոցի հաջողված և ժողովրդի կողմից գնահատված, ինչու ոչ՝ սիրված, էլիտաները միանշանակ կարևորում են «լինելու և ոչ թե ունենալու» (Է. Ֆրոմ) հանգամանքը… Հայ իրականությունում դա կարևորել է ՄԵԾՆ ՆԱՐԵԿԱՑԻՆ (տե՛ս, Մ.Մ. Մարգարյան Գրիգոր Նարեկացին և մեր ժամանակը, 2023թ.), բայց քաղաքական գիտության մեջ դա համակարգել է Էրիխ Ֆրոմը:

Կարդացեք նաև

Ոչ այնքան հեռավոր 1960-ական թվականներին, Կարիբյան ճգնաժամից հետո, երբ մարդկությունը փրկվեց ատոմային պատերազմից, Էրիխ Ֆրոմը սկսեց ուսումնասիրվել հասարակության առողջության անատոմիան, միանշանակ կարևորեց իշխանության ոչ միայն լեգիտիմության, այլև լեգիտիմացման գործընթացը՝ ընդդեմ գերիշխանություն ունենալու ՄԱՐԴՈՒ ապակառուցողական էներգիայի:

Ըստ Է. Ֆրոմի՝ նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել քաղաքական իշխանության լեգիտիմության մակարդակը և նույն իշխանության լեգիտիմացման արժեքաբանությունը, որի կարևորման շարունակականությունը միանշանակ ենթադրում է բիոֆիլ կառավարում, իսկ բացակայությունը՝ քաղաքական նեկրոֆիլյա:

Բիոֆիլ է իշխանության այն ձևը, երբ լեգետիմության ապահովման կառուցակարգերի վրա հենվելով՝ լիդերները ժողովրդաիշխանություն են իրականացնում՝ արդիականացնելով հասարակության բոլոր խավերի արժեքաշահային համակարգը, հնարավորություն են ընձեռում սոցիալական երկխոսության և սերունդների համերաշխության զարգացման համար: Ապահովելով հասարակության բոլոր խավերի մասնակցությունը կառավարման գործընթացին` «միայն ունենալ ցանկացող մարդու» ներկայությունը հասցվում է նվազագույնի: Բիոֆիլ իշխանությունը լեգիտիմության կառուցակարգում ոչ միայն բացառում է արժեքաշահային համակարգի շահարկումը, այլև նվազագույնի է հասցնում «հանուն իշխանություն ունենալու» համար մղվող այն պայքարը, որը խաթարում է ժողովրդավարական համախմբության սկզբունքների վրա հիմնված համակեցության նորմերը:

Նեկրոֆիլ – հուն. nekros(մահ) + phileo (սեր) – սեր բռնի մահվան, ավերման, քայքայման նկատմամբ, ավերչասիրություն:

Հասարակությունը, անձը, պետությունը, ազգը ոչ միայն սոցիալական, այլև կենսաբանական օրգանիզմ է, սխալ կառավարման դեպքում այն ավերվում է, քայքայվում, կորցնում ինքնությունը և այն արժեքները, որոնք նրան օգնել են պատասխանել մարտահրավերներին և արդիականացնել իր կենսունակությունը, իմունային համակարգը (Фромм Э., Анатомия человеческой деструктивности. М.: АСТ, 2006. – 640 с.):

Նեկրոֆիլ է կոչվում իշխանության այն ձևը, երբ օլիգարխիական, օխլոկրատական, պլուտոկրատական, կլեպտոկրատիական արժեքաշահային համակարգի սկզբունքները շահարկվում են, ինչն էլ չի նպաստում միջին դասի կայացմանը, խաղարկում է ազգային գաղափարների իրականացումը, աշխարհիկացումը, ժողովրդավարական կայունության հաստատումը` բեմադրելով շարունակական բարեփոխումներ: Այս պարագայում աճուրդի է հանվում իշխանության լեգիտիմության գաղափարը` հանուն ազգային պետական անվտանգության: Սա հնարավորություն է տալիս իշխանության լեգիտիմության կառուցակարգում նեկրոֆիլ կառավարում իրականացնողներին, քաղաքականությունում բախումնային իրավիճակ պահպանելով, բախումն ուղղել քաղաքական կառավարման կազմակերպման այնպիսի լաբիրինթոս, ուր ընտրազանգվածները իրենց սոցիալական կարգավիճակից և անձնական-խմբային անվտանգությունից ելնելով՝ մոռանում են, որ իրենք ինքնիշխանության և պետականության կրող են:

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տեսանյութեր

Լրահոս