
Եթե Փաշինյանի անվստահության գործընթացը կյանքի չկոչվի, Արցախի հարցը վերջնական փակելու է. Արամայիս Աղաբեկյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն այսօր դիմում մուտք արեց ԱԺ՝ առաջարկելով արցախյան բոլոր պատերազմներում կռված անձանց վետերանի կարգավիճակ տալ, ինչը ենթադրում է այդ անձանց տալ կրթական, սոցիալական, առողջապահական և այլ երաշխիքների տրամադրում։
Առաջարկներից մեկն էլ վերաբերում է վիրավոր ազատամարտիկների կարգավիճակին, այսինքն՝ այն ազատամարտիկներին, որոնք կարգ չունեն, վիրավոր ազատամարտիկի կարգավիճակ տրամադրեն։
«Ակնկալում եմ, որ կհամաձայնեն ընդունելու առաջարկը, որովհետև գոնե սա իր մեջ քաղաքական բովանդակություն չպարունակող հարց է։ Առավոտից երեկո հարցազրույց են տալիս, ասում են՝ ազգը, պետությունը, հայրենիքը և այլն։ Մենք նոր բան չենք հորինել, միջազգայնորեն կա ընդունված վետերանի կարգավիճակ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Նա փոխանցեց, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելուց հետո մոտավորապես 4 անգամ հանդիպել է ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ, հանդիպումը փակ ձևաչափով է անցկացվել, մանրամասներ չի կարող հաղորդել։
«Այդ հանդիպումներին ես իմ առաջարկներն եմ արել, իրենք՝ իրենց առաջարկները, և նրանց առաջարկներից հասկացել եմ, որ իրենք ոչ միայն հիմա են ուզում փակել Արցախի հարցը, այլև ապագա սերունդներից են ուզում խլել Արցախի մասին խոսելու իրավունքը։ Դրանից հետո իմաստ չեմ տեսել իրենց հետ որևէ կոնտակտ ունենալ»,- շեշտեց նա։
Ըստ նրա, իշխանությունները հայտարարում են, թե այդ կամ այն բանն իրենց համար «կարմիր գիծ» է, հետո ասում են՝ եթե այս բանը չանենք, պատերազմ է լինելու։
«Չեմ կարծում, որ իշխանություններին հաջողվել է փակել Արցախի էջը, բայց իրենք այդ ճանապարհի վրա են։ Պարոն Ղազարյանը հիմա այստեղ է, եթե նրանց նախաձեռնությունը գետնի վրա չիրացվի՝ փողոցով կլինի, թե քաղաքական անվստահության գործընթացը կյանքի չկոչվի, ապա Փաշինյանն այդ ճանապարհի վրա է՝ Արցախի հարցը փակելու»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը։
Նշենք, որ այն պահին, երբ Արամայիս Աղաբեկյանն ԱԺ դիմում էր մուտք անում, ԱԺ ընդունարանում նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն էր՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը պատգամավորների հետ քննարկելու համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում