
Իսրայելը փորձում է տարածաշրջանում իրանական գործոնը չեզոքացնել․ սա նշանակում է, որ Հայաստանի Հարավը կանգնում է շատ լուրջ վտանգի առաջ․ Քաղաքագետ

Իսրայելն աննախադեպ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա միջուկային ծրագիրը և բարձրաստիճան զինվորականներին․ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են՝ զոհվածների թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղեկացրել է՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներին որևէ ներգրավվածություն կամ օգնություն չի եղել։
Առավոտյան իսրայելական տեղեկատվական աղբյուրներն էլ հայտնեցին Իրանից սպասվող պատասխանի մասին․ Իրանն Իսրայելին պատասխան հարվածի համար գործի է դրել 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 հրթիռ են արձակել՝ հաղորդել էր իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Վերջինիս խոսքով՝ Իրանն Իսրայելի դեմ արձակել է նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը տարածաշրջանային զարգացումների մասին գնահատականներն այս փուլում բարդ է համարում, սակայն նկատում է՝ Իրանի զգալի միջոցներն արդեն ոչնչացվել են, և Իրանի հակահարված տալու կարողությունը նվազել է։
«Իսրայելը փորձում է Իրանի ներկա իշխանությունը ոչնչացնել, իրանական գործոնը չեզոքացնել տարածաշրջանում։ Ի դեպ, նման հայտարարություններ արդեն արվել են։ Սա իր հերթին նշանակելու է, որ Հայաստանի Հարավը կանգնում է շատ լուրջ վտանգի առաջ։
Իսրայելի նպատակն է, որ Իրանը կորցնի արձագանքելու կարողությունը։ Ու հիմա տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներ (Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Հորդանանը, տեղեկություներ կան նաև Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի մասին) աջակցում են Իսրայելին, ինչի հետևանքով Իրանն առավել վատ վիճակի մեջ է։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել ինչ-որ պահից և հարձակվել Հայաստանի վրա։ Չի բացառվում, որ նույնիսկ Ադրբեջանը տեղյակ էր նման սցենարի մասին»,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև ադրբեջանական վերջին զորավարժություններին։
Նա թեև ՀՀ գործող կառավարությունից չի ակնկալում համարժեք քայլեր, այդուհանդերձ շեշտեց՝ Հայաստանը պետք է առաջին հերթին պատրաստ լինի հնարավոր սրացումներին։
«Բանակը պետք է պատրաստ լինի։ Պետությունը պետք է այլ հարցերն ուրիշ կողմ դնի, գուցե օպերատիվ շտաբ ստեղծվի, պետք է մոբիլիզացվի, որպեսզի դիմակայի հնարավոր հարձակումներին»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։