Ի՞նչ առաքելությամբ էր Երևան ու Բաքու ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոշուա Հաքը

ԱՄՆ նոր վարչակազմը միջնորդական ջանքեր է ներդնում Երևան-Բաքու գործընթացում Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացի հասնելու և նոր սրում թույլ չտալու համար։

Օրերս՝ մայիսի 22-ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում հայտարարել էր, որ փորձում են կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը։ Պետքարտուղարը հայտարարել էր, որ հայ գերիների ազատ արձակումն ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարևոր» բաղադրիչ է, որն «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն»։

«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն», – ասել էր Ռուբիոն։

Մարկո Ռուբիոն ընդգծել էր նաև՝ «Մենք ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն իդեալական մոդել»։

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, ըստ նրա, ԱՄՆ-ը նրանց հետ շփվում է ազգային շահերից ելնելով՝ միաժամանակ ձգտելով հավասարակշռել դրանք դիվանագիտության հետ։

Մայիսի 14-ին էլ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքն Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք հակամարտությունների վերջնական կարգավորմանը»,- մասնավորապես ասել էր նա և հավելել, որ «սա հսկայական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, և այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:

Այս հայտարարություններից օրեր անց մայիսի 29-ից Երևան ու Բաքու այցեր կատարեց ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը։ Երևանում պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին»։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ևս կարճ հաղորդագրություն էր տարածել այդ հանդիպման վերաբերյալ Հաքի խոսքից՝ «Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում ունեցանք հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար»։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքը Բաքվում ևս հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

«Անցյալ շաբաթ ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խթանման հարցերը»,- նշել էր Հաքը հանդիպման վերաբերյալ։

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը
մեզ հետ զրույցում ասաց, որ որքան էլ անսպասելի թվա, սակայն ներկայումս Թրամփի պետքարտուղարությունը հակամարտության նկատմամբ հնարավոր ամենամեծ ուշադրություն հատկացնող երկիրն է։

Ըստ նրա՝ տեսնում ենք, որ հակամարտությունն այս փուլում առավելապես կենտրոնացած է երկկողմ բանակցությունների ձևաչափի վրա։

«Ռուսաստանը կցանկանար, սակայն կոնկրետ նախաձեռնություններով հանդես չի գալիս՝ հաշվի առնելով իր հարաբերությունները Երևանի ու Բաքվի հետ, ինչպես նաև հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական խնդիրներն Արևմուտքի հետ։ ԵՄ-ում ևս չափազանց շատ են ներքին խնդիրները, Շառլ Միշելի նախաձեռնությունները ԵՄ-ում համակարգված վերջին նախաձեռնություններից էին, որից հետո գերիշխում է երկկողմ ձևաչափը։ Կա տպավորություն ու ընկալում, որ կողմերին մնացել է միայն ստորագրել համաձայնագիրը, սակայն չի ստորագրվում, ու որոշ բարդություններ են առաջանում. հնարավոր որևէ միջնորդ չի ցանկանում այլ նախաձեռնություններով հանդես գալ։ Եվ ներկայումս ԱՄՆ-ն է, որ զբաղվում է և կողմերին մերձեցնելու հնարավորություններ է փնտրում»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։

Նա գտնում է, որ դա պայմանավորված է հանգամանքով, որ ԱՄՆ նոր պետքարտուղարությունը կարծես նոր է սկսում զբաղվել այս ռեգիոնով ու հակամարտությամբ, ուստի փորձում է որոշ ջանքեր ներդնել, թույլ չտալ սրում, որը կարող է էլ ավելի խառնել խաղաքարտերը գլոբալ բանակցություններում։

«Թրամփի վարչակազմը ձգտում է արտաքին քաղաքական հաջողություններ արձանագրել, ինչպես խոստացել էր։ Ուստի ներկայումս դիտարկվում են տարբեր ձևաչափեր, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը նպաստել իրավիճակի կարգավորմանը՝ զուգահեռաբար ազդեցություն հաստատելով ռեգիոնում։ Այս շրջանակում է խոսվում Աբրահամի համաձայնագրերի մասին, սակայն կարծում եմ՝ խնդիրը համաձայնագրի անունը կամ միջնորդ երկիրը չէ, այլ կարգավորելու քաղաքական կամքը։ Անկախ համաձայնագրի փաստից՝ միջնորդությունը դրական է, քանի որ իրավիճակի հնարավոր լարման վտանգը գուցե մեղմվի»,- նկատեց նա։

Վերլուծաբանի կարծիքով՝ Ջոշուա Հաքի այցը Երևան ու Բաքու կրում էր «հետախուզական» բնույթ, որի նպատակն էր տեղում, մոտից ծանոթանալ խնդիրներին, կողմերի տրամադրություններին՝ քննարկելով իրավիճակը ու դրանում ԱՄՆ հնարավոր դերակատարությունը։

«Հանգամանքը, որ հրապարակային ելույթներ չեն եղել, եղել է ոչ թե ռեգիոնալ այց, այլ այց Երևան ու Բաքու, թույլ է տալիս ենթադրել, որ այն կրել է կոնկրետ աշխատանքային և միջնորդական բնույթ՝ միտված Երևան-Բաքու, Երևան-Անկարա գործընթացի առաջմղմանն ու ԱՄՆ դերակատարմանը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս