Բաժիններ՝

Իրանը մերժում է ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցումը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու նպատակով

Իրանը չի քննարկի ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների վեցերորդ փուլի ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ Իրանը սպասում է միջնորդ Օմանից լրացուցիչ մանրամասների՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ։

Հարցին, թե Իրանը կարո՞ղ է արդյոք երեք տարով սառեցնել հարստացումը՝ համաձայնության հասնելու համար, խոսնակը նշել է. «Իրանը երբեք դա չի ընդունի»։

Բաղային նաև բացառել է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային համաձայնագրի հնարավորությունը՝ հերքելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ նախնական համաձայնագիրը դիտարկվում է որպես վերջնական համաձայնագրի հասնելու ժամանակավոր քայլ։

«Եթե ամերիկյան կողմից բարի կամք դրսևորվի, մենք նույնպես լավատես ենք, բայց եթե բանակցությունները նպատակաուղղված են Իրանի իրավունքների սահմանափակմանը, ապա բանակցությունները ոչ մի տեղ չեն հասնի», – հավելել է նա։

Reuters-ը նշում է, որ Թրամփը ցանկանում է սահմանափակել Թեհրանի միջուկային զենք արտադրելու ներուժը, որը կարող է առաջացնել տարածաշրջանային միջուկային սպառազինությունների մրցավազք և, հնարավոր է, սպառնա Իսրայելին։

Իրանն իր հերթին պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներով է, և որ երկիրը ցանկանում է ազատվել նավթի վրա հիմնված իր տնտեսության նկատմամբ կիրառվող ավերիչ պատժամիջոցներից։

Մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողներն Օմանի պաշտոնյաների միջնորդությամբ Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը։ Բանակցություններից առաջ Թեհրանը դատապարտել էր ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները և կասկածի տակ դրել դիվանագիտական ուղիով ընթանալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս