
«Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության և անճարության հոմանիշ. Գևորգ Թամամյան

ՀՀ ԱՆ «Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի նախկին ղեկավար, արյունաբան Գևորգ Թամամյանը գրում է.
«Ծառայում եմ Հայրենիքիս, 2012թ. օգտագործված Լեքսուսը կամ կես բիթքոինը
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի՝ մուծելով 24 միլիոն դրամ՝ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է` ազատվել զինվորական ծառայությունից։
Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել։
Բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել և համարվում է մեծ պատիվ։ Իսկ այս օրինագծով հստակ ուղերձ է հղվում, որ այսուհետ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, ովքեր չեն կարողանա վճարել 24 միլիոն դրամ, այն է` 2012-2013 թվականի օգտագործված մի «Լեքսուս», 1 սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում կամ կես բիթքոին։
Հայրենիքին կծառայեն միայն աղքատները։
«Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության և անճարության հոմանիշ։
Պատկերացնո՞ւմ եք ծնողի վիճակը, ում երեխան գնում է ծառայության և, Աստված մի արասցե, զոհվում է։ Ծնողն այդուհետ ապրելու է մտքով, որ իր երեխան զոհվեց ոչ թե հանուն Հայրենիքի, այլ որովհետև չկարողացավ «փրկագինը» վճարել: Այո՛, հենց փրկագինը։
Զինծառայությունը, այսինքն՝ հայրենիքդ, պետությունդ և ընտանիքդ պաշտպանելը պարտադիր է, սակայն եթե ունես 60 հազար դոլար, ապա պարտադիր չէ. քո տեղը կյանքը կվտանգի ընկերդ, որը չկարողացավ այդ գումարը հայթայթել։
Ստացվում է ի՞նչ. պետությունը պատանդ է վերցնում ձեր որդուն եւ պահանջում է փրկագին` 60 հազար դոլա՞ր:
Կարծում եմ՝ շատ բանկեր հատուկ վարկային գիծ կարող են առաջարկել` լավ պայմաններով. «Ազատիր որդուդ» փաթեթը՝ 18 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը` 24 միլիոն դրամ»: