«Ռոբերտ Քոչարյանը 2018-ին թող իր թիմակիցներին զանգեր, ասեր՝ հրապարակից գնացեք տուն». Հենրիխ Դանիելյան

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2018-ին զանգահարել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ճշտելու համար, թե ի՞նչ իրավիճակ է ձևավորված, նա պատասխանել է, որ ամեն ինչ վերահսկվում է: Հիմա, ինձ մի հարց է հետաքրքրում՝ արդյոք արդա՞ր է այսօր խոսել այն բանի մասին, որ նա 2018-ին զանգել է Երրորդ նախագահին՝ հարցնի՝ ինչ է կատարվում, թե՞ արդար կլիներ, որ նա 2018-ին զանգեր իր թիմակիցներին և ասեր՝ հրապարակից գնացեք տուն: Արդյո՞ք նա չի նպաստել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

Իր վերջին հարցազրույցում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2018-ի հանրահավաքների օրերին զանգել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին.

«Այդ օրերին ես զանգել եմ նրան։ Ինձ տարբեր տեղերից ասում էին, որ սա գնում է այլ ուղղությամբ, կարծես կոնտրոլը կորցնում ենք։ Ես զանգեցի, հարցրեցի` վիճակը ո՞նց է գնահատում։ Ինքը շատ հանգիստ ասեց` ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ վերահսկվում է։

Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ` իրավիճակի սխալ գնահատում է արվել»:

Կարդացեք նաև

Հենրիխ Դանիելյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք 2018-ին Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների արած քայլերը չեն բերել նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ:
Մեր հարցին՝ այսինքն՝ մտածում է, որ Ռոբերտ Քոչարյանն աջակցե՞լ է Նիկոլ Փաշինյանին, որ գա իշխանության, նա պատասխանեց.

«Ես չեմ մտածում, ես ուղիղ տեքստով ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները 2018-ին Նիկոլ Փաշինյանին սատարել են, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական տա»:

Դանիելյանը նշեց, որ աշխարհում ինչ տեղի է ունենում, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ասում են՝ Սերժ Սարգսյանն է անում.

«Բորիս Մուրազին ասում է՝ քանի որ Երրորդ նախագահը ԿԳԲ-ի արխիվներին է տիրապետում, ինչ գրում ենք՝ կոմպրոմատներ են հանում: Ախր, դուք այնքան խոցելի եք, որովհետև 7 տիրոջ ծառա եք, 8 հոգու հետ աշխատել եք, Թևանյան Անդրանիկի դեմքով եկել եք ՀՀԿ, ասել եք՝ Բաբայան Սամոյից փող եմ ստանում, եթե փող տաք, կարող եմ տակից իր դեմ հոդվածներ գրել… Դուք էդ եք, հիմա երբ դրա մասին խոսում ենք, դրա համար ԿԳԲ-ի արխիվ պետք չի ունենալ: Փոքր երկիր է, բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք՝ ով ով է»:

Հենրիխ Դանիելյանը նշեց, որ ընդդիմությունը նախ պետք է վաղվա Հայաստանը ձևավորելու մասին մտածի.

«Մենք դեմ չենք, լսում ենք քաղաքական քննադատություններ, բայց մասնակցես 2018-ի հեղափոխությանը, հետո ասես, որ այդ հեղափոխությունը կազմակերպել է Սերժ Սարգսյանը, և հնարավոր չէ՝ գունավոր հեղափոխություն լինի, կարող ես պատմության գրքեր վերցնել և տեսնել, որ 27 և ավելի երկրներում գունավոր հեղափոխություն է եղել: Ըստ Երկրորդ նախագահի թիմակիցների տրամաբանության՝ այդ բոլոր ղեկավարներն իրենք իրենց մերժե՞լ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս